ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (հունարեն áγαθός – հրեշտակ, լրաբեր, ծն. և մահ. թթ. անհայտ), V դարի հայ պատմիչ: Հեղինակ հայ պատմագրության հնագույն հուշարձանի` «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վանք Ս. Գրիգորի» անուններով: Գրքում սփռված «կենսագրական» տեղեկությունների և ակնարկների հիման վրա Ագաթանգեղոսը ավանդաբար համարվել է ծագումով հռոմեացի. Տրդատ Գ. Մեծի ժամանակ գալով Հայաստան` դարձել է նրա քարտուղարը, որպես Տրդատի ու Գրիգորի աշխարհիկ և հոգևոր սխրագործությունների ժամանակակից ու ականատես, Տրդատի հանձնարարությամբ, գրել է Խոսրով Մեծի և իր դարաշրջանի Հայաստանի պատմությունը: Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու և մյուս հայ մատենագիրների մոտ Ագաթանգեղոսի մասին հիշատակությունները միայն հաստատել են այդ ավանդական տեսակետը: Այստեղից արվել է այն հետևությունը, որ Ագաթանգեղոսը VI դարի պատմիչ է, նրա գքրի բնագիրը եղել է հունարեն և թարգմանվել հայերեն V դարում` հայ գրերի գյուտից հետո: Այս տեսակետն ընդունվել է անվերապահորեն մինչև XVIII դարի երկրորդ կեսը: 1709-ին, Պոլսում, Գրիգոր Մարզվանեցու ջանքերով առաջին անգամ տպագրվեց Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց»-ի բնագիրը: 1762-ին Հովհ. Ստիլտինգը հրատարակեց հունարեն օրինակը և լատիներեն խմբագրությունը: Նա էլ առաջին անգամ կասկածի տակ առավ Ագաթանգեղոսի հաղորդած պատմական շատ փաստերի վավերականությունը: Ստիլտինգի հունարեն օրինակը հետագայում բազմիցս վերահրատարակվեց, իսկ Պոլ դը Լագարդը կատարեց նրա քննական հրատարակությունը: Հայերեն բնագրի գիտական արժեք ունեցող առաջին հրատարակությունը լույս տեսավ 1835-ին, Վենետիկում: Դրա քննական հրատարակությունը տպագրվեց Թիֆլիսում, 1909-ին, իսկ 1911-ին Վիեննայում լույս տեսավ Վիեննայի կրկնագիր ձեռագրի բնագիրը: Հայկական բնագրի և նրա տարալեզու խմբագրությունների հրատարակումը հնարավորություն տվեց համեմատական վերլուծության միջոցով մանրակրկիտ ուսումնասիրել Ագաթանգեղոսի երկասիրությունը: Օտարազգի և հայ բանասերներ, տեքստաբաններ փորձեցին լուծել Ագաթանգեղոսի ստեղծվածը: Նորայր Բյուզանդացին, ելնելով «Պատմութիւն Հայոց»-ի լեզվա-ոճական առանձնահատկություններից, եզրակացրեց, որ Ագաթանգեղոսը եղել է հույն, և որ Կորյունը, ի թիվս այլ երկերի, Ագաթանգեղոսի երկը ևս թարգմանել է հայերեն: Ն. Բյուզանդացին այդ երկերը անվանեց առանձին «դաս»: Հայագետ Թոռնյանը Ագաթանգեղոսին է վերագրում այդ «դաս»-ի բոլոր գրական հուշարձանները: Ագաթանգեղոսի ֆրանսերեն թարգմանիչ Վ. Լանգլուան հանգեց այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դարում և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չփորձեց ժխտել Ագաթանգեղոսի բնագիրը հունարեն գրված լինելու վարկածը: Բանաստեղծների մի այլ խումբ (Հերման Ալֆրեդ Գուտշմիդ և ուրիշներ) կասկածի ենթարկեց Ագաթանգեղոսի անունը, որ զոյություն ունի միայն հայկական խմբագրության մեջ: Այդ խումբը «Ագաթանգեղոս» անունը համարում է ոչ թե հատուկ անուն, այլ մի բառ, որի ստուգաբանական իմաստը պետք է համապատասխաներ Հայաստանում տեղի ունեցած պատմա-քաղաքական իրադարձության իմաստին, այսինքն Agathangelos-բարի հրեշտակ, ըստ ֆունկցիոնալ նշանակության` բարի հրեշտակություն, ինչպես` evangelia-ավետարանն են: Բայց Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատեց, որ Ագաթանգեղոսի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը` նրա թարգմանությունը: Ըստ Ն. Մառի Գրիգորի լուսավորչական գործունեության մասին IV դարում եղել են զանազան զրույցներ, որոնք վերապատմել, վերամշակել է Մեսրոպ Մաշտոցը` կոչելով երկը Ագաթանգեղոս` ‘Αγαθáγγελος, որ բառացի նշանակում է` լավ, բարի լուր տվող, լրատու կամ լրաբեր, կամ բարի հրեշտակություն բերող: Ագաթանգեղոսի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև Հ. Տաշյանը, Գ. Զարբհանալյանը, Գր. Խալաթյանցը, Բ. Սարգիսյանը, Գ. Տեր-Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր-Ղևոնդյանը: Այժմ իշխում է այն տեսակետը, որ Ագաթանգեղոսը հայ պատմագիր է, որ նրա երկը գրվել է V դարի առաջին կեսին հյութեղ ու կենդանի հայերենով:

Ագաթանգեղոսի պատմությունն ընդգրկում է III դարի և IV դարի սկզբի անցքերը` սկսած Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ. թագավորի գահակալության վերջին տարիները և բաղկացած է առաջաբանից ու երեք մասից: Առաջաբանում Ագաթանգեղոսը տվյալներ է հաղորդում իր մասին, նշում Պատմությունը գրելու շարժառիթները: Առաջին մասը` «Վարք և պատմութիւն ս. Գրիգորի», նվիրված է հայ-պարսկական պատերազմներին, Տրդատ Գ-ի գահակալությանը, Գրիգոր Լուսավորչի «չարչարանքներին» և Հռիփսիմյան կույսերի հետ կապված հրաշապատում անցքերին: Երկրորդ բաժինը` «Վարդապետութիւն ս. Գրիգորի», քրիստոնեության հիմունքները պարունակող քարոզ է, ծավալով ավելի ընդարձակ, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած: Այն բացակայում է հունական, արաբական թարգմանություններում և հայերեն խմբագրության մի քանի ձեռագրում: Երրորդ մասում` «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան», նկարագրվում է քրիստոնեության տարածումը Հայաստանում: Ագաթանգեղոսի սկզբնաղբյուրները գրավոր են և բանավոր: Գրավորներից են` Աստվածաշունչը, վարքաբանական-վկայաբանական, աստվածաբանական և պատմագրական երկեր: Բանավոր աղբյուրներ են բանահյուսական նյութերը` ժողովրդական զրույցներն ու վեպերը. «Արտավան և Արտաշիր» վեպը, Խոսրովի ու Անակի վիպական զրույցը, հայրենական գահին տիրանալու համար Խոսրով թագավորի ժառանք Տրդատի տենչերն ու սխրանքները, «Տրդատ և Հռիփսիմե» վիպական դրվագը և ժողովրդական զրույցներում պահպանված «Լուսավորչի վեպը»: Ագաթանգեղոսի երկում իրադարձությունների և դեպքերի պատճառականությունն ու վերլուծությունն անտեսված են: Պատմության առաջմղիչ ուժը հրաշքն ու հրաշագործությունն է: Ամեն ինչ բացատրվում է աստծո միջամտությամբ և գերբնական ուժերի մասնակցությամբ: Կյանքը պայքար է լույսի ու խավարի, աստծո և սատանայի, հավատացիալի և անհավատի միջև. այսպես, մեհյանները կործանվում են խաչի զորությամբ, մկնդավոր, մարդակերպ հրեշներն ու դևերը (քրմեր) ցրվում են լուսավորչի միջոցով` խաչի ազդեցությամբ, խոզ-խոզակերպ Տրդատն ու «անհավատ» հայ իշխաններն ընկճվում են և փրկություն գտնում լուսավոր աստծո միջնորդությամբ և այլն: Գործող անձերն այդ հակամարտ գերբնական ուժերի մարմնացումներն ու կրողներն են միայն: Ագաթանգեղոսը նաև ձգտում է հիմնավորել հայ եկեղեցու ազգային ինքնուրույնությունը, «առաքելական ծագումը» և «գերապատիվ արժանիքը»: Ագաթանգեղոսի Պատմությունն ունի նաև գեղարվեստական արժեք: Ագաթանգեղոսի երկը, որպես Հայաստանի պատմության աղբյուր, իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է Հայաստանի դարձը, նյութեր հայ հեթանոսական կրոնի և ժողովրդական հավատալիքների մասին, արտացոլում է նոր և հին կրոնների` քրիստոնեության և հեթանոսության պայքարի աստիճանական պայքարի զարգացումը, առաջինի վերջնական հաղթանակը: Վերջապես, Ագաթանգեղոսը հաղորդում է բավական հարուստ տեղեկություններ Հայաստանի նախարարական կազմի, ներքին կյանքի, աշխարհագրության և տնտեսության մասին: Ագաթանգեղոսի Պատմությունը միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, հաբեշերեն, լատիներեն և ունեցել է մի քանի խմբագրություն: Առաջին և ամենակարևոր թարգմանությունը հունականն է, որն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում (Laurentianus, VII, 25): Ագաթանգեղոսի Պատմության հունարեն թարգմանության ժամանակը բանասերները համարում են VI դարը: Սիմեոն Մետափրաստեսը X դարում ամփոփեց հունարեն թարգմանությունը և տվեց մի համառոտ խմբագրություն, որը XI դարում թարգմանվեց վրացերեն: Հունարենից է ամփոփված նաև XIII դարի լատինական համառոտ խմբագրությունը: Ագաթանգեղոսի Պատմության հունարեն թարգմանության երեք նոր գրչագրեր 1943-1946-ին հրապարակվեց բելգիացի հայագետ Ժ. Գարիտը: Ագաթանգեղոսի երկի արաբերեն մեկ խմբագրություն հայտնաբերել է Ն. Մառը 1902-ին, Եգիպտոսի Սինայի անապատի Ս. Կատարինեի վանքում: Դա բոլորովին ինքնուրույն, ըստ Մառի, մեզ չհասած հայերեն նախօրինակից թարգմանված հուներեն մի կորած խմբագրության թարգմանությունն է: 1946-ին Ժ. Գարիտը հրատարակեց Մադրիդի հունարեն գրչագրերից մեկում (1107) գտնվող Ագաթանգեղոսի Պատմության մի նոր խմբագրություն, որը կոչվեց «Վարք» (Գրիգոր Լուսավորչի) և ցույց տվեց, որ վերոհիշյալ արաբերեն խմբագրությունը ծագում է հուներեն այս «Վարք»-ից: Այսպիսով Ժ. Գարիտը հաստատեց Մառի այն ենթադրությունը, թե բացի մեզ հայտնի հայերեն ընդարձակ խմբագրությունից գոյություն է ունեցել նաև հայերեն այլ խմբագրություն: 1950-ին Ժ. Գարիտը հրատարակեց Ս. Կատարինեի վանքում հայտնաբերած մի արժեքավոր արաբերեն մի ձեռագիր ևս, որը, անկախ Մառի հայտնաբերածից, թարգմանված է Ագաթանգեղոսի Պատմության հունարեն օրինակից:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment