Ամէն տարի մեծ Պահքին նախորդող երեքշաբթի օրը (Այս տարի 17 Փետրուարին) Հայ Եկեղեցու մէջ յիշատակութեան օրն է Սուրբ Ղեւոնդեանց քահանաների: Այս անուան ներքոյ ոգեկոչւում են 7 հայ հոգեւորականներ, որոնք 451 թ. Վարդանանց Ճակատարամտից յետոյ Յազկերտ թագաւորի հրամանով տարւում են Պարսկաստան եւ բանտարկւում: Նրանց բոլորի „մեղքն“ էր, որ ժամանակին հրաժարուել էին ուրանալ քրիստոնէական հաւատքը: Ընդհակառակը՝ նրանցից իւրաքանչիւրը քաջաբար խոստովանել էր Քրիստոսի նկատմամբ ունեցած իր հաւատքը եւ ժողովրդին քաջալերել հաւատարիմ մնալ Քրիստոսի Աւետարանին:

Այս հոգեւորականներից մեր ժողովրդին յայտնի է մանաւանդ Ղեւոնդ Երէցը, որն եղել է 451 թ. Մայիսի 25-26-ին տեղի ունեցած „վասն հաւատի եւ վասն հայրենեաց“ Աւարայրի Ճակատամարտի հերոսներից մէկը: Եւ Ղեւոնդ Երէցի անունով էլ այս հոգեւորականները անցել են հայոց պատմութեան մէջ, որպէս Սրբոց Ղեւոնդեանց քահանաներ: Այդ հոգեւորականներն են՝ Յովսէփ Հողոցմեցի Կաթողիկոսը, Սահակ եւ Թաթիկ եպիսկոպոսները, Ղեւոնդ, Մուշէ, Արշէն, Սամուէլ, Աբրահամ եւ Խորէն քահանաները, ինչպէս նաեւ Քաջաջ եւ Աբրահամ սարկաւագները:

Հայ Եկեղեցին բոլոր նրանց դասել է սուրբերի շարքը, քանի որ նրանք բոլորն էլ եղան ու մնացին Քրիստոսի ճշմարիտ հաւատքի անվախ վկայողները, ենթարկուեցին անլուր տանջանքների եւ ի վերջոյ „վասն հաւատքի եւ վասն հայրենեաց“ ընդունեցին նահատակութեան պսակը:

„Սուրբ Ղեւոնդեանց“ տօնը յիշատակի օրն է նաեւ բոլոր այն հոգեւորական-ների, որոնք հայ ժողովրդի քրիստոնէական պատմութեան ողջ ընթացքում, բայց մանաւանդ այդ պատմութեան ծանր ու դաժան տարիներին, իրենց անձնուրաց ծառայութեամբ եւ յաճախ նաեւ իրենց կեանքի գնով եղան քրիստոնէական ճշմարիտ վկաներ ու նահատակներ:

Այսօր անուանակոչութեան օրն է հետեւեալ անունների՝ Ղեւոնդ, Լեւոն, Յովսէփ, Մուշէղ, Արշէն, Արսէն, Սամուէլ, Աբրահամ: Այս անուններն ունեցողներին մաղթում ենք աստուածային անսպառ օրհնութիւն:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment