Տօնի իմաստը, նշանակութիւնն եւ ազգային աւանդութիւններ

Տեառնընդառաջը, Հայ Եկեղեցւոյ անշարժ տօներից մէկն է եւ կատարւում է Յիսուս Քրիստոսի Սբ. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնից քառասուն օրեր յետոյ, Փետրուար 14-ին։ „Տեառնընդառաջ“ բառը գրաբարեան հայերէն բարդ բառն մըն է, որ կազմուած է „Տէր“ եւ „ընդառաջ“ բառերէն: Բառի ստուգաբանութիւնն է՝ Տիրոջն ընդառաջ ելնել“ կամ Տիրոջը դիմաւորել“: Ժողովրդի մէջ տօնը յայտնի է նաեւ Տէրընդեզ կամ Տէրնտես անուններով, որոնք մեծ հաւանականութեամբ աղաւաղուած տարբերականերն են Տէրն ընդ ձեզ“ եւ կամ Տէրը տես“ արտայայտութիւնների, որոնք երկուսն էլ որոշակի կապ ունեն օրուայ խորհրդի հետ:

Վստահաբար շատեր տեղեակ են, որ հայերս գեղեցիկ սովորութիւն ունենք՝ մեր նորածին երեխաները իրենց ծնունդից քառասուն օր յետոյ եկեղեցի տանելու՝ երեխային առաջին անգամ օրհնել տալու եւ քառասունքից հանելու համար: Այս բարի ու գեղեցիկ սովորութեան արմատները գտնւում են Սուրբ Գրքի մէջ: Աստուածաշնչական սովորութեան համաձայն նորածին արու զաւակը իր ծննդեան 40-րդ օրը տաճար էր տարւում եւ ընծայւում Աստուծոյ:

Համաձայն այս սովորութեան Յիսուսի երկրաւոր ծնողները նոյնպէս մանուկ Յիսուսին ծննդեան 40-րդ օրը տանում են տաճար: Ահաւասիկ աւետարանական այս դէպքն է, որ նուիրագործուած է Հայ Եկեղեցու կողմից եւ կոչւում է Տեառնընդառաջ: Տօնը Յիսուսի մանկութեան շրջանից մեզ հասած եզակի եւ կարեւոր իրադարձութիւններից մէկն է, որի ընթացքում մէկ անգամ եւս բացայայտւում է Յիսուս Քրիստոսի մարդկութեան Փրկիչ լինելը:

Նոր Կտակարանը վկայում է, որ Երուսաղէմի տաճարում սպասաւորում էր մի արդար ու աստուածավախ մարդ Սիմէոն անունով, որն սպասում էր Տիրոջ Օծեալին՝ յուսալով արժանանալ Տիրոջ փրկութեան: Նա հանապազ աղօթում էր եւ սպասում Տիրոջ գալստեան՝ Փրկչին տեսնելու եւ յետոյ մեռնելու յոյսով: Աստուծոյ Սբ. Հոգին յայտնել էր իրեն, որ ինքը պիտի չմեռնի, մինչեւ արժանանայ այդ մեծագոյն շնորհին: Երբ մանուկ Յիսուսին տանում են Տաճար, Սիմէոն ծերունին տեսնելով մանկանը՝ գոչում է. „Այժմ, ո՛վ Տէր, համաձայն խոստմանդ՝ թող որ ծառադ խաղաղութեամբ մեռնի, որովհետեւ աչքերովս տեսայ Փրկչին, որ ուղարկեցիր բոլոր ժողովուրդների համար, որպէս լոյս՝ հեթանոսներին լուսաւորելու եւ ժողովրդիդ՝ Իսրայէլի փառքը լինելու“ (Ղուկ. 2.29-32):

Յովհաննէս աւետարանիչը սքանչելի կերպով բացատրում է Յիսուսի կեանքի լոյսը լինելու ճշմարտութիւնը. Նա ճշմարիտ լոյսն էր, որ աշխարհ գալով՝ լուսաւորում է ամբողջ մարդկութեանը“ (Յովհ. 1, 9): Ուրիշ մի տեղ Յիսուս ինքն իր մասին մատնանշում է. Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ով որ ինձ հաւատայ՝ խաւարի մէջ չմնայ“ (Յովհ. 12, 46):

Տեառնընդառաջի տօնի համար գրուած Հայ Եկեղեցու շարականներն ու տաղերը Քրիստոսին գովերգում են որպէս Լոյս ի լուսոյ“, „Ճառագայթ փառաց“, Հուր կենդանի“ եւ այլն: Եկեղեցական մեր հայրերը Քրիստոսին նկատելով որպէս ճշմարիտ լոյս“ եւ կենդանի հոր“, չեն խորշել հայկական հեթանոսական մի սովորութիւն, ինչպիսին խարոյկ վառելու եւ նրա վրայով ցատկելու սովորութիւնն էր, նուիրագործել եկեղեցու կողմից: Եւ այս ձեւով հայկական հին սովորութիւնը շարունակել է ապրել մեր ժողովրդի մէջ եւ փոխանցուել սերնդէ-սերունդ: Տօնը պահել է իր արտաքին ձեւը, սակայն ստացել է նոր խորհուրդ ու իմաստ եւ կապուել է քառասնօրեայ Յիսուսի տաճարին ընծայուելու տօնի հետ: Հոգեւորն ու աշխարհիկը, քրիստոնէականն ու հեթանոսականը միաշաղախուել են իրար եւ դարձել խորհախորհուրդ մի աւանդութիւն: Միայն թէ եթէ հեթանոսները Աստծո պատիւը կրակին էին մատուցում, ապա քրիստոնեաները կրակը ծառայեցնում են Աստծուն: Սբ. Գրիգոր Տաթեւացին (14-րդ դ.) Տեառնընդառաջի տօնի առիթով գրել է. „Ինչպէս Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով եւ կանթեղներով ելաւ Նրան ընդառաջ, մենք էլ նոյն օրինակով կրակ ու ջահ ենք վառում եւ Տիրոջ գալստեան նախատօնակը կատարում“:

Փետրուարի 13-ի երեկոյեան հաւատացեալները հրաւիրւում են Եկեղեցի մասնակից լինելու Տեառնընդառաջի նախատօնակի արարողութեանը, փառաբանելու աշխարհի ճշմարիտ լոյսին եւ եկեղեցու խորանի վրայ վառուող մոմից կամ կանթեղից վառելու իրենց մոմերը, որոնցով էլ վառւում են տան բակերում պատրաստուած Տեառնընդառաջի խարոյկները: Իսկ վառուող մոմը որպէս Յիսուս Քրիստոսի կենդանի լոյսի խորհրդանիշ տարւում է տուն եւ մինչեւ լոյս վառւում տան մէջ, որպէսզի լոյսն ու իմաստութիւնը տիրական դառնան տան մէջ եւ փարատուեն խաւարն ու խռովութիւնները:

Այն տեղերում, ուր հնարաւոր է, խարոյկ է վառւում նաեւ եկեղեցիների բակերում: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մէջ Տեառնընդառաջի խարոյկը վառւում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Այնուհետեւ ճեմարանական ուսանողները բոլորուած կրակի շուրջ երգում են հայկական ազգագրական եւ ժողովրդական երգեր:
Շատ տեղերում խարոյկ վառելու պատւաւոր իրաւունքը պատկանում է նախորդող մէկ տարուայ ընթացքում ամուսնացած նորափեսաներին: Ժողովուրդը բոլորւում է խարոյկի շուրջ: Իսկ նորապսակ զոյգերը, երիտասարդ աղջիկներն ու տղաները ցատկում են խարոյկի վրայով: Դեռեւս նախաքրիստոնէական ժամանակներից մնացած տարածուած սովորութիւն է, որ մանաւանդ նորապսակ հարսները ցատկեն կրակի վրայով՝ մաքրագործուելու եւ սպասուելիք երեխայի ծնունդը նուիրագործելու համար: Իսկ ամուլ կանայք խարոյկի կրակով այրում էին իրենց փէշերը, որպէսզի բուժուեն եւ յղիանան:
Հայ գիւղացիները խարոյկի մոխրից տուն էին տանում եւ ցանում իրենց տանիքների վրայ եւ կամ գոմերի ու արտերի մէջ՝ հաւատալով, որ այդ ձեւով չարիքը պտի հեռանայ իրենց տներից եւ արգասաւոր ու առատ պիտի դառնայ իրենց տքնաջան աշխատանքի արդիւնքը:

Ժողովրդական սովորութիւն է նաև Տեառնընդառաջի առիթով նորապսակներին այցելելը: Ընդունուած կարգի համաձայն նորապսակների ընտանիքները խարոյկի շուրջ հաւաքուած ժողովրդին տարբեր տեսակի աղանձ են բաժանում՝ ցորեն, ընկոյզ, սիսեռ եւ այլն: Աղանձին խառնում են նաեւ չամիչ կամ ուրիշ մանր ուտեստեղէններ: Եթե աղջիկն ու տղան նշանուած են, ապա տօնակատարութիւնը տեղի է ունենում աղջկայ տանը, իսկ եթէ ամուսնացած են, ապա տղայի տանը:

Մի քանի տարիներ առաջ Նորին Սրբութիւն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիմք ունենալով վերոյիշեալ գեղեցիկ սովորութիւնը, Տեառնընդառաջը հռչակել է որպէս նորապսակների օրհնութեան օր:

Սիրելիներ,

Այս գեղեցիկ տօնի առիթով մաղթում ենք, որ մեզանից իւրաքանչիւրը նոյնպէս հոգեւոր իմաստով ընդառաջ ելնի Տիրոջը, Յիսուս Քրիստոսին ընդունի որպէս լոյսն աշխարհի, բացի իր սիրտն ու հոգին այդ լոյսին եւ լուսաւորուի Տիրոջ յաւիտենական լոյս հաւատքով:

Մաղթում ենք նաեւ, որ մեր ազգաբոյր սովորութիւններն ու աւանդութիւնները միշտ վառ մնան մեր ժողովրդի զաւակների մէջ եւ փոխանցուեն սերնդէ-սերունդ: Մեր աւանդութիւնները մեր համն ու գոյնն են, մեր ինքնութիւնն ու պատմութիւնը, մեր արմատն ու յիշողութիւնը:

Եւ վերջում շնորհաւորում եմ բոլոր նրանց, որոնք այս անուններից որեւէ մէկն ունեն՝ Սիմոն կամ Սիմէոն, Ծերուն, Հրաչ, Հրաչուհի, Հրանդ, Հրայր, Փայլակ, Փայլինէ, Կայծակ, Շանթ: Տեառնընդառաջի օրը, Փետրուար 14-ը, այս անունների անուանակոչութեան օրն է:

Սերովբէ Վրդ. Իսախանեան

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment