Ապրիլ 16

1918 – «Տեղեկատու» անունով հայկական խորհրդային առաջին թերթի հրատարակման սկիզբը Թիֆլիսում:
1923 – ՀԽՍՀ Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը որոշմամբ հիմնւում է Խորհրդային Հայաստանի Պետկինոն, որը հետագայում վերանուանւում է Հայկինո:
1953 – Մահացաւ հայ նշանաւոր լեզուաբան, լեզուագէտ ու բառարանագէտ Հրաչեայ Աճառեանը:
1984 – ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատը ընդունեց մի բանաձեւ (թիւ 247), որով պահանջեց Միացեալ Նահանգների կառավարութիւնից 1985թ. ապրիլի 24-ը յայտարարել «Մարդու կողմից մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի յիշատակման ազգային օր»:

Ապրիլ 17

1922 – Արամ Երկանեանն ու Արշաւիր Շիրակեանը ահաբեկում են «Թէշքիլաթը մահսուսէ»-ի ղեկավար նախկին նահանգապետ Ջեմալ Փաշային:
1990 – Երևանում բացուեց «Հայերի ցեղասպանութիւն, պատմութիւն, տեսութիւն, քաղաքական պատասխանատւութիւն» թեմայով միջազգային գիտաժողովը, որը նուիրուած էր Հայոց  եղասպանութեան 75-ամեակին: Գիտաժողովը շարունակուեց մինչեւ ապրիլի 22-ը:
1997 – Նոր Հարաւ-Ուէլսի (Ավստրալիա) նահանգային Խորհրդարանի որոշմամբ ապրիլի 24-ը հռչակւում է Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր: Նոյն որոշմամբ Ավստրալիայի կառավարութեանը կոչ է արւում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:

Ապրիլ 18

1862 – Լոնդոնում ծնուեց յայտնի աշխարհագրագէտ, քաղաքագէտ եւ մեծ հայասէր Հ. Ֆ. Բ. Լինչը: Լինչը եղել է Մեծ Բրիտանիայի Խորհրդարանի անդամ: Գրել է Հայաստանին եւ նրա պատմութեանը վերաբերուող գրքեր եւ ուսումնասիրութիւններ, որոն արդիւնք են դէպի այդ վայրերը կատարած նրա ճամփորդութիւնների:
1877 – Բայազետ քաղաքի գրաւումը ռուսական զօրքերի երեւանեան ջոկատի կողմից, որի հրամանատարն էր հայազգի գեներալ Տեր-Ղուկասովը:
1958 – Հիմնուեց ՀԽՍՀ ԳԱ արուեստի ինստիտուտը:

Ապրիլ 19

1895 – Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Անգլիայի դեսպանները մի յուշագիր յանձնեցին Օսմանեան Թուրքիայի կառավարութեանը, որով պահանջւում էր բարեփոխումներ իրականացնել կայսրութեան հայաբնակ վեց վիլայէթներում:
1920 – Իտալիայի Սան-Ռէմօ քաղաքում տեղի ունեցած Անտանտայի պետութիւնների խորհրդաժողովը առաջարկեց Միացեալ Նահանգների նախագահ Ու. Ուիլսոնին ստանձնել Հայաստանի մանդատը կամ խնամակալութիւնը:
1990 – Կիպրոսի Խորհրդարանը յատուկ բանաձեւով դատապարտեց Հայոց Ցեղասպանութիւնը:

Ապրիլ 20

1884 – Ծնուեց արեւմտահայ նշանաւոր բանաստեղծ Դանիել Վարուժանը: Նահատակ 1915-ի Հայոց Ցեղասպանութեան:
1915 – Սկսուեց Վանի հերոսական ինքնապաշտպանութիւնը, որ տեւեց մինչեւ նոյն տարուայ մայիսի 19-ը:
1926 – Եզդիների համահայաստանյան համագումարի բացումը Երեւանում:
1948 – Մահացաւ սփիւռքահայ բանաստեղծ և ազատագրական պայքարի ղեկավարներից Աւետիս Ահարոնեանը:
1965 – Ուրուգուայի Արևելյան Հանրապետութեան Ծերակոյտը եւ Ներկայացուցիչների Պալատը իրենց միացեալ ժողովի ընթացքում ընդունեցին մի օրինագիծ Հայոց Ցեղասպանութեան նահատակներին յիշելու առիթով:

Ապրիլ 21-23

1990 – Երևանում կազմակերպուեց Հայոց Ցեղասպանութեան 80-ամեակին նուիրուած միջազգային գիտաժողով` «Հայոց Ցեղասպանութիւնը» թեմայով:

Ապրիլ 22

1918 – Անդրկովկասեան սէյմը Անդրկովկասը յայտարարեց Ռուսաստանից անկախ:
1921 – Ալեքսանդրապոլը (Գիւմրի) ազատագրուեց թուրք զաւթիչներից:
1934 – Մահացաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կարկառուն գործիչ եւ տեսաբան Միքայէլ Վարանդեանը:
1981 – Միացեալ Նահանգների նախագահ Ռօնալդ Ռեյգանը իր թիւ 4838 յատուկ հռչակագրում ի մասնաւորի յայտարարեց. «Ինչպէս Հայոց Եղեռնը նախկինում, դրանից յետոյ Կամբոջիայի Եղեռնը, այնպես էլ դրանց նման շատ ու շատ ուրիշ ժողովուրդների անլուր հալածանքները ցեղասպանութեան դասեր են, որոնք երբեք պէտք չէ մոռացուեն»:

Ապրիլ 23

1959 – Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրեանին՝ «Սպարտակ» բալետի համար շնորհւում է Խորհրդային Միութեան բարձրագոյն պարգեւը՝ „Լենինի Շքանշան“:
1965 – Հայոց Մեծ Եղեռնի 50-ամեակի նախօրէին Ֆրանսիայի Ազգային Ժողովի ձախակողմեան մի խումբ պատգամաւորներ Ազգային Ժողովի հերթական նիստում հանդէս եկան հայերի 1915 թուականի ցեղասպանութիւնը դատապարտելու առաջարկութեամբ:
1985 – Արգենտինայի Խորհրդարանը միաձայնօրէն որոշեց դատապարտել Հայոց Ցեղասպանութիւնը:
1985 – Հայերի Ցեղասպանութիւնը դատապարտող որոշում ընդունեց Ուրուգուայի Արևելյան Հանրապետութեան Ազգային համագումարը:

Ապրիլ 24

1775 – Սկսուեց Ռուս-Թուրքական պատերազմը Բալկաններում, ինչպէս նաեւ Պատմական Հայաստանի տարածքներում: Այն աւարտուեց ռուսների յաղթանակով:
1915 – Հայոց Ցեղասպանութեան 1,5 միլիոն նահատակների յիշատակի եւ ոգեկոչման օր: Այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալուեցին շուրջ 800 հայ հասարակական, կրօնական, քաղաքական, մտաւորական գործիչներ, որոնք աքսորուեցին Անատոլիայի խորքերը: Նրանցից շատերը դաժանօրէն սպանուեցին:
1965 – Աշխարհի շուրջ 25 երկրներում նշուեց Մեծ եղեռնի 50-ամեակը եւ յարգանքի տուրք մատուցուեց անմեղ զոհերի յիշատակին:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում բացուեց Եղեռնի զոհերի առաջին յուշարձանը Խորհրդային Հայաստանում:
Նոյնպէս ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլօ հայահոծ քաղաքում բացուեց Հայոց Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած յուշարձանը:
1968 – Խաղաղասէր ուժերի համաշխարհային կոնգրեսը, որին մասնակցում էին 64 երկրների եւ միջազգային 16 կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, յարգանքի տուրք մատուցեց հայերի ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
1973 – Ֆրանսիայի Մարսէյլ քաղաքում (Սուրբ Սահակ-Մեսրոպ Եկեղեցու շրջաբակում) կատարուեց Հայոց Մեծ Եղեռնին նուիրուած Յուշարձանի օրհնութիւնն ու բացումը:
1975 – Հայոց Մեծ Եղեռնին նուիրուած Յուշարձաններ կանգնեցուեցին Յունաստանի մայրաքաղաք Աթէնքում, Իտալիայի Միլան քաղաքում եւ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մօտ գտնուող Բիգֆայա գիւղում:
1978 – Հայոց Մեծ Եղեռնին նուիրուած Յուշարձան բացուեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում:
1984 – Հայոց Մեծ Եղեռնին նուիրուած Յուշարձան բացուեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Ալֆորվիլ թաղամասում:
1987 – Հայոց Մեծ Եղեռնին նուիրուած Խաչքար-Յուշարձան կանգնեցուեց Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի գերեզմանատան հայկական բաժնում:
1989 – Հայոց Մեծ Եղեռնին նուիրուած Յուշարձան բացուեց Ավստրալիայի Սիդնէյ քաղաքում:

Ապրիլ 25

1888 – Թիֆլիսում իր մահկանացուն կնքեց հայ դասական գրականութեան մեծագոյն ներկայացուցիչներից մէկը՝ Րաֆֆին (Յակոբ Մելիք-Յակոբեան):
1918 – Թուրքական բանակը գրաւեց Կարսը:
1918 – Բաքվում կազմուեց բոլշեւիկեան ժողովրդական կոմիսարների խորհուրդը՝ ղեկավարութեամբ Ստեփան Շահումեանի:
1990 – Յունաստանի խորհրդարանը ընդունած օրինագծով «Ապրիլի 24-ը հռչակուեց որպէս Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանութեան յիշողութեան օր»:

Ապրիլ 26

1921 – Դաշնակցութեան մի քանի ղեկավարների կողմից վերակազմւում է «Ինքնավար Սիւնիքի Կառավարութիւնը» եւ վերանուանւում «Լեռնահայաստանի կառավարութիւն»:

Ապրիլ 27

1749 – Վախճանւում է Վենետիկի Հայկական Մխիթարեան Միաբանութեան հիմնադիր Մխիթար Սեբաստացին:
1827 – Ռուսական զօրքերը պաշարում են Երևանի բերդը:
1849 – Փարիզում ուսանող հայ երիտասարդների կողմից հիմնւում է «Արարատեան ընկերութիւն» միութիւնը:
1915 – Ծնուեց „Արարատի երգիչ“ հայ մեծ բանաստեղծ Յովհաննէս Շիրազը:
1919 – Կ. Պոլսում բացուեց երիտթուրք կառավարութեան ղեկավարների և «Միութիւն եւ Առաջադիմութիւն» կուսակցութեան պարագլուխների դատավարութիւնը:
1925 – Երեւանում բացուեց ՀԽՍՀ գիտութեան և արուեստի ինստիտուտը:
1930 – Վախճանուեց Երուսաղէմի հայոց պատրիարք Եղիշէ արք. Դուրեանը, որը յայտնի է նաեւ որպէս պատմաբան, գրականագէտ, բանաստեղծ: Նա եղբայրն է նշանաւոր հայ քնարերգակ բանաստեղծ Պետրոս Դուրեանի:
1931 – Հայաստանի հարաւի՝ Զանգեզուրի ահաւոր երկրաշարժը, որը պատճառեց ահռելի աւերածութիւններ, ի շարս որոց աւերուեցին նաեւ Տաթևի նշանաւոր վանքն ու անապատը եկեղեցիները, պատմական ու եկեղեցական բազմաթիւ այլ շինութիւններ:
1994 – Իսրայէլի արտաքին գործերի փոխնախարար Եօսի Բէյլին Քնէսէթի (Խորհրդարան) նիստում ի պատասխան Թուրքիայի դեսպանի յայտարարեց. «Դա պատերազմ չէր, այլ սպանդ և ցեղասպանութիւն, մի բան, որ աշխարհը պարտաւոր է յիշելու»:

Ապրիլ 28

1920 – Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:

Ապրիլ 29

239 – Ենթադրւում է, որ այսօր է ծնուել Հայ Եկեղեցու մեծագոյն սուրբը, Հայոց առաջին Կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:
1858 – Հիմնադրուեց Երուսաղէմի հայոց Ժառանգաւորաց ճեմարանը:
1945 – 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան մտնում է Գերմանական Կայսրութեան մայրաքաղաք Բեռլին:

Ապրիլ 30

1947 – ԱՄՆ-ում հրավիրուեց համաշխարհային հայկական կոնգրես:
1981 – Միացեալ Նահանգների ցեղասպանութիւնների թանգարանում ընդգրկուեց նաև Հայոց ցեղասպանութեան նիւթը:
1991 – Խորհրդային զօրքերը ադրբեջանական ուժերի աջակցութեամբ Արցախում սկսեցին «Օղակ» կոչուած օպերացիան, որը պատճառ դարձաւ մանաւանդ Գետաշէնի բնակչութեան նկատմամբ կիրառուեն ահաւոր դաժանութիւններ: Եղան նաեւ բազմաթիւ զոհեր:
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment