Քարտեզ

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐ հայ, նախարարական տոհմ և թագավորական հարստություն Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու, Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագարատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադրի և ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով` Բագրատունի:
Բագրատունու հրեական ծագման (Դավթի ցեղից) զրույցը հիշատակում են նաև վրաց պատմագիրները և բյուզանդական պատմիչ Կոստանդին Ծիրանածինը։ Բագարատի հաջորդների ժառանգական տիրույթն է դարձել Սպեր գավառը։ Արշակունյաց գահնամակում Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդ տեղում (Սյունյաց նախարարաթյունից հետո)։ Արշակունիների թագավորության վերացումից հետո Բագրատունիները Այրարատ նահանգում տիրցել են Կոգովիտ գավառին՝ տոհմական ամրոց ունենալով Դարոյնքը։ V դ. վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ VII–VIII դդ. Բագրատունիները մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ հանուն քաղաքական առաջնության։ VII դ. հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին (685-689)։ Այս շրջանում Բագրատունիները մեծ ազդեցություն են ունեցել Այրարատի Ոստան Հայոց գավառում, որին տիրել են IX. կեսերին։ VIII դ. (արաբական տիրապետաթյան պայմաններում) Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։ VIII դ. վերջին Բագրատունիները հաստատվել են նաև Տայքում ու Կղարջքում, իսկ IX դ. վերջին Վրաստանում հիմնել թագավորական հարստություն։ Բագրատունիների տիրույթներն ավելի են ընդարձակվել IX դ. սկգբին: Երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել Տարոնը. Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը. Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը։ Այս շրջանում Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։ IX դարից Բագրատունիներ դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան և վերջապես 885-ից՝ Հայոց թագավոր։ IX–X դդ. Բագրատունիները ունեին մի քանի ճյուղավորումներ՝ Տարոնի, Մոկքի, Կարսի (Վանանդի) և Տաշիր–Ձորագետի (Կյուրիկյան)։ Ըստ Ն. Ադոնցի, IX դ. Աղվանքի, Խաչենի, Փառիսոսի իշխանները ծագումով եղել են Բագրատունիներ։ X դ. 2-րդ կեսին և մասամբ XI դ. այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ։ Տարոնի Բագրատունիները սերում էին Բագարատ Բագրատունու որդիներից՝ Աշոտից և Դավթից (հիշվում է «արքայիկ» պատվանունով)։ X դ. 2-րդ կեսին սրանք անցել են Բյուզանդիա։ Մոկաց Բագրատունիները սերում էին Բագարատի եղբոր՝ Սմբատի որդի Մուշեղից։ Վերջիններս նույնպես X դ. 2-րդ կեսին գաղթել են Բյուզանդիա։ Բագրատունիների հիմնական ճյուղը Հայաստանում թագավորել է մինչև 1045-ը։ 963-ին Աշոտ Գ-ի Եղբայր Մուշեղը Կարսում (Վանանդում) հիմնել է թագավորություն և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի։ Աշոտ Գ-ի որդի Գուրգենը Գուգարքում դարձել է թագավոր։ 1045-ին Բագրատունիների վերջին թագավոր Գագիկ Բ կանչվել է Կ. Պոլիս և պահվել այնտեղ, որից հետո նենգորեն բյուզանդական զորքերը գրավել են Անին, վերացրել Անի-Շիրակի թագավորությունը։ Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորության վերացումից հետո (1113) այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ։ Սրանց մասին հիշատակություն կա մինչն XIV դ. սկիզբը, որից հետո հայ Բագրատունիները անհետացել են պատմության ասպարեզից։

Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը

Աշոտ Ա (885-890)

Սմբատ Ա (890-913)

Աշոտ Բ Երկաթ (914-929)

Աբաս (929-953)

Աշոտ Գ Ողորմած (953-977)

Սմբատ Բ (977-989)

Գագիկ Ա (989-1020)

Հովհաննես-Սմբատ (1020-41), միաժամանակ՝ Աշոտ Դ (1022-40)

Գագիկ Բ (1042 – 45)

885-890 Աշոտ Ա Թագավոր Սմբատի (Խոստովանող) որդի
890-914 Սմբատ Ա Թագավոր Աշոտ Ա –ի որդի
914-928 Աշոտ Բ Երկաթ Թագավոր Սմբատ Ա –ի որդի
928-953 Աբաս Թագավոր Աշոտ Երկաթի եղբայր
953-977 Աշոտ Գ Ողորմած Թագավոր Աբասի որդի
977-990 Սմբատ Բ (Տիեզերակալ) Թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի
990-1020 Գագիկ Ա Թագավոր Սմբատ Բ –ի եղբայր
1020-1041 Հովհաննես-Սմբատ Թագավոր (մի մասում) Գագիկ Ա –ի որդի
1020-1041 Աշոտ Դ Թագավոր (այլ մասում) Գագիկ Ա –ի որդի
1042-1045 Գագիկ Բ Թագավոր Աշոտ Դ –ի որդի
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment