Հայոց մեջ եկեղեցական սրբերի հիշատակին (Սբ. Սարգիս, Սբ. Գեւորգ) նվիրված տոներից, թերեւս, ամենամեծ շուքով կատարվում էր Սբ. Կարապետի տոնը, որի ակունքները պետք է փնտրել մեր հեթանոս անցյալում: Ըստ եկեղեցական օրացույցի, այն նշվում էր հունվարի 15-ին՝ Հովհաննես-Կարապետի (Հովհաննես Մկրտիչ) ծննդյան օրը: Դեռ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում Տարոն աշխարհի Իննակյան վայրը ուխտագնացության կենտրոն է եղել, որը, ինչպես վկայում է պատմիչ Հովհան Մամիկոնյանը, 4-րդ դարում՝ Հովհաննես Մկրտչի մասունքներն այնտեղ ամփոփելուց հետո, կապվել է վերջինիս անվան հետ: Սբ. Կարապետը վերածվել է համահայկական սրբի, նրա կերպարը տեղ է գտել ժողովրդական էպոսում ու ասքերում: Մարտի գնալուց առաջ Մամիկոնեից ասպետները ուխտի էին գնում Սբ. Կարապետ՝ ստանալու նրա աջակցությունը թշնամուն հաղթելու համար: Մամիկոնյան քաջարի ասպետներն էլ, իրենց հերթին, վանքի անձնուրաց պահապաններն էին. մեծամեծ զոհեր էին մատուցում Սբ. Կարապետին, վերակառուցում էին վանքը, երբ այն տուժում էր երկրաշարժերից, խստորեն պատժում էին վանքը թալանողներին եւ կալվածքներ նվիրում եկեղեցուն: Սրբի այդ ռազմական, հերոսապահպան էությունը շարունակվում է հետագա դարերում եւս, երբ քաջ ֆիդայիներին մարտի գնալուց առաջ մաղթում էին՝ «Մշո սուլթան Սբ. Կարապետ թող լինի ձեզ պահապան»…
Դարեր շարունակ եկեղեցին ամրագրել է սրբի մեկ այլ էություն եւս՝ նրա կնատյաց լինելը (պատճառը՝ Հովհաննես Մկրտչի գլխատումն է կնոջ քմահաճույքի պատճառով) եւ խստորեն արգելել կանանց ու աղջիկների այցը նրա գերեզմանին, արգելք դրել նաեւ նրանց եկեղեցի մտնելու վրա: Պահպանվել են առասպելներ, որ Սբ. Կարապետի վանքը մտած ու նրա գերեզմանին այցելած կանայք կամ աղջիկները սրբի կողմից պատժվել են: Հովհան Մամիկոնյանը հիշատակում է հայոց նախարարներից մեկի կնոջ՝ Մարիամի մահը (որն, ի դեպ, շատ բարեպաշտ ու կրոնասեր անձն ավորություն է եղել): Նա պատժվում է սրբի կողմից, քանզի խախտել էր արգելքն ու մտել եկեղեցի, թեեւ մեծ զոհեր էր մատուցել ու նվերներ տվել վանքին: Տոնի օրը, Հայաստանի զանազան վայրերից ժողովուրդն ուխտի էր գալիս Սբ. Կարապետի վանքը: Առաջներում շատերը յոթ տարի պաս էին պահում, որից հետո ուխտի գնալով Մշո Սբ. Կարապետ, երկրպագում էին Հովհաննես Մկրտչի գերեզմանին, որ իրենց սրտերի խորհուրդն ու խնդրանքները կատարի: Շատերն էլ խնդրում էին, որ իրենց «օխտը գոմշի ոյժ տայ», ոմանք էլ՝ լարախաղացություն էին խնդրում, նվագելու ու բանաստեղծելու տաղանդ, ցավերին փարատություն եւ այլն: Անզավակ ծնողները գոտիները դնում էին գերեզմանաքարի վրա, ջերմեռանդորեն աղոթում, որ իրենց զավակ պարգեւի: Ուխտում էին, երեխայի ծնվելու օրվանից նրա մազերն այնքան ժամանակ չկտրել, միչեւ որ ուխտի չգնային Սբ. Կարապետի գերեզմանին, ապա այնտեղ՝ գերեզմանի վրա էլ կտրում էին: Սրբին խնդրում էին, որ իրենց զավակներին խելք ու շնորհք տա, որպեսզի իրենց մահվանից հետո՝ օջախները ծխացնեն ու վառ պահեն: Տոնի օրը ժողովուրդը մեծ տոնախմբություն էր կատարում. Անցկ ացվում էին խաղեր, մրցույթներ, ներկայացումներ (տոնին Մշո Սբ. Կարապետ էին գալիս անգամ Հայաստանի ամենահեռավոր վայրերից), որոնց գագաթնակետը դառնում էին աշուղների մրցությունները: Դրանց ժամանակ ցուցադրվում էին աշուղական վարպետությունը, սրամտությունը, տաղանդն ու պերճախոսությունը:
…Վաղուց, շատ վաղուց չեն բացվել Սբ. Կարապետի դռները, Տարոն աշխարհը վաղուց սպասում է իր օրինական տերերին, ու երանի¯ այն օրը, երբ հազարամյակներից եկող Իննակյան մեհյանների լույսը մեզ կառաջնորդի դեպի Ավետյաց երկիր ու Մամիկոնյան ասպետների աճյունները հավիտենական հանգստություն կստանան:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , , , , , , , ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment