naxichevan

ՆԱԽԱԳԻՏԵԼԻՔ

Հայտնի ճշմարտություն է, որ ամեն մի ժողովրդի պատմության ու մշակույթի, հնագիտական ու ճարտարապետական հուշարձանները նրա բնութագրի ամենավավերական վկայություններն են, նրա անցած ուղու, ունակությունների, կարողությունների, մանավանդ համամարդկային մշակութային գանձարանին մատուցած նրա ծառայության գրավականները։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր նախնիների ստեղծած նյութական ու հոգևոր մշակույթի ամեն մի հուշարձանը տահպանել է որպես սրբություն, ազգային հպարտության ու հոգատարության առարկա։ Ահա և մեր հուշարձանների մեծ մասը արհավիրքների ու թշնամիների ավերածություններից փրկվելով, հոգատարությամբ նորոգվելով` դիմացել է, հասել մեր օրերը և դեռ պետք է ժառանգվի սերունդներին։

Հայ ժողովրդի ստեղծած քարակերտ ժառանգության ուսումնասիրությունն, ինչպես սովետական, այնպես էլ արտասահմանյան հայագետների ու գիտական հիմնարկների կողմից օրըստօրե աննախընթաց ծավալ է ստանում։ Միայն պետք է ափսոսալ, որ մեր ստեղծած բազմադարյա այդ ամենահարուստ ժառանգության հետազոտությունը մինչև այժմ կատարվել է հատվածաբար, ըստ տիպերի ու բնույթի կամ էլ ըստ տեղավայրերի։ Ըստ երևույթին դրա պատճառներից մեկն էլ այն է, որ մինչև օրս հայտնի չեն մեր օրերը հասած բազմահազար կանգուն և ավերակ պատմաճարտարապետական հուշարձաններն իրենց ամբողջությամբ, նկարագրական, տեղագրական ու վիճակագրական տվյալներով։ Այդ բացը լրացնելու համար, մեր կարծիքով, նախ և առաջ առաջնակարգ ու հրատապ հարց է հուշարձանների հաշվառումը, դրանց գիտական ու համահավաք ցուցակներ կազմելը և հրատարակելը։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի լիակատար կերպով պետական հսկողության ու պահպանման տակ առնել, ուսումնասիրել ու վերականգնել հուշարձաններն ու հուշարձանախմբերը։ Իսկ դա հուշում է համաժողովրդական մեծ ուշադրությունը, պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ վերջին տարիներին ՍՍՀՍ՝ գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի ընդունած հանրահայտ օրենքներն ու որոշումները։

Անցյալի հուշարձանների ու արժեքների պահպանումը մեր երկրում պետական ու կառավարական, համաժոդովրդական գործ է։ Այդ առումով էլ ավելի է մեծանում հուշարձանների գիտական ու մասնագիտական, համակողմանի ուսումնասիրման, վերականգնման և ժամանակակից մարդու էսթետիկական դաստիարակությանն ի նպաստ օգտագործելու անհրաժեշտությունը։ Հրատարակվող աշխատությունը հենց այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից մեկն է և, մատենագիտական ու աղբյուրագիտական ուղենիշի դեր ունենալով հանդերձ, կդաոնա նաև մեր ժողովրդի մի հատվածի ստեղծած մշակութային ժառանգության վկայագիրը։ Այն իր ընդգրկումով ու նկարագրությամբ Նախիջևանի ԻՍՍՀ տարածքի հուշարձանների առաջին գիտական ցուցակ—փաստաթուղթն է և կարևոր նշանակություն կունենա նկարագրվող հուշարձանների հետագա ուսումնասիրության գործում, կդյուրացնի մասնագետների, Նախիջևանի ճարտարապետական, հնագիտական, պատմական ժառանգությամբ զբաղվողների և այդ ժառանգության պահպանությամբ շահագրգռված կազմակերպությունների աշխատանքները։

Հնադարյան բազմաբնույթ մշակույթով ու պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ մի անկյուն է պատմական Հայաստանի Նախիջևան նահանգը։ Նրա պատմական գավառների՝ Գողթնի (այժմ Օրդուբադի շրջան), Երնջակի (այժմ Զուլֆայի շրջան), Նախճավանի (այժմ Նախիջևանի), Ճահուկ—Շահապոնքի (այժմ Շահբուզի շրջան և Նախիջևանի շրջանի մի մասը) և Շարուրի (այժմ Իլյիչի շրջան) բնակչությունը պատմական դառն ու դժնի ժամանակներում, մաքառումներին ու հարատևելուն զուգընթաց կերտել ու սերունդներին է ավանդել քարակերտ տարեգրության մի այնպիսի հարուստ ժառանգություն, որը թե՛ իր պատկառելի քանակով և թե՛ իր գաղափարական ու գեղարվեստական մակարդակով չի զիջում մեր պատմական հայրենիքի մյուս նահանգներում ու գավառներում ստեղծվածներին։ Հայտնաբերված նյութական մշակույթի մի շարք մնացորդները (Նավասարի ժայռապատկերները, Քյուլ Թափա, Կարմիր վանք, Շորթափա, Շանթախտ, Նախիջևան և այլ հնավայրերից, Արբա, Երնջակ, Ճահուկ, Գիրան, Ազատ և այլ բերդերի պեղածոները) վկայում են, որ այստեղի բնիկները մ. թ. ա. III հազարամյակից արդեն վարում էին նստակյաց կյանք և զբաղվում անասնապահությամբ ու հողագործությամբ։

Նախիջևանի գավառների մեր օրերը հասած մշակութային ժառանգությունը, կանգուն, կիսավեր թե ավերակ վիճակում պերճախոս ու ամենահավաստի վկայութունն է այն մասին, թե անցյալ հազարամյակներում ինչպես է ապրել իրեն ստեղծող ժողովուրդը, ինչ ճակատագիր է ունեցել, ինչպես է դիմակայել իրեն պարտադրված աղետներին ու տառապանքներին։ Բազմազան են այդ ժառանգության հուշարձանները՝ հնագիտական նյութեր, աշխարհիկ ու հոգևոր շինություններ, ավաններ ու դաստակերտներ… Եվ ամեն մի հուշարձանի ճակատին, շինվածքների որմերին, կործանման ենթարկված գերեզմանատների տապանաքարերի ու խաչքարերի վրա՝ ժողովրդի ու երկրի հազարամյակների պատմության, պայքարի ու տքնության դաջվածք դրոշմներ, մեսրոպատառ վիմագրեր, որմնաքանդակներ, զարդաքանդակներ, բարեխոսության աղերսանք ու անեծք, հուշ ու հիշատակ…

Մ. թ. ա. III—I հազարամյակների աչքի ընկնող բնակատեղիներով ու բերդաքաղաքներով, դամբարանադաշտերով և հուշարձաններով է սկսվում Նախիջևանի ճարտարապետական ժառանգությունը, որն աստիճանաբար զարգացել է հեթանոսության և հատկապես քրիստոնեության շրջանում։ Հայաստանում IV դ. սկզբին քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց անմիջապես հետո Նախիջևանի գավառներում եկեղեցաշինությունը աննախադեպ տարածում է գտնում, որն էլ իր զարգացումն է ապրում X—XVIII դարերում։ Այդ ժամանակաշրջանում հիմնադրված եկեղեցիներից ու վանական համալիրներից շատերը, ինչպես օրինակ Ագուլիսի ս. Թովմա, ս. Քրիստափոր, Աստապատի ս. Ստեփանոս կամ Կարմիր վանք, ս. Վարդան, Ցղնայի ս. Աստվածածին, Բիստի ս. Նշան կամ Կոփատափ, Փառակայի ս. Հակոբ—Հայրապետ, Ջուղայի Ամենափրկիչ, Աբրակունիսի ս. Կարապետ, Շոռոթի ս. Հակոբ-Հայրապետ, ս. Լուսավորիչ, Քռնայի ս. Աստվածածին, Նախիջևանի ս. Սարգիս, Կույքի ս. Նշան կամ Հազարաբյուրաց Օծոփի ս. Աստվածածին և շատ ու շատ այլ վանքերն ու եկեղեցիները միջնադարյան ուսումնական ու գիտական նշանավոր կենտրոններ են եղել։ Վերջիններիս շուրջը համախմբված հոգևոր գործիչներն ու ուսումնավարտները կարևոր ներդրումներ են կատարել հայ մշակույթի ու գիտության բնագավառում, ստեղծել ու սերունդներին են ավանդել բազմաբնույթ արժեքներ։ Սակայն դարերն ու թշնամական ավերածությունները, օտարամուտ բանակները Նախիջևանի տարածքում բազում անգամներ հազարավոր հուշարձաններ են ավերել, հողին հավասարեցրել։ Օրինակ, XIII դ. նշանավոր ֆրանսիացի ճանապարհորդներից մեկի վկայությամբ1 այս երկրամասում VII-XII դդ. կառուցված 800 հայկական եկեղեցիներն ու վանքերը ավերվել են մինչև XIII դ.։ Սակայն կերտելու և ստեղծելու համար ծնված, շինարար ու լուսավորության ձգտող ժողովուրդը ամեն անգամ նվիրումով վերակառուցել է ավերվածը, կառուցել նորերը, վերստին շենացրել է հայրենի երկիրը։ Վերջին դարերում

_______________________
1. Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, հատ. Ա, Եր., 1932, էջ 16։
_______________________

շինարարական աշխատանքների համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին միայն XVII դարում, երբ 1639 թ. Հայաստանի տարածքը պատերազմական թատերաբեմի վերածած Պարսկաստանի և Թուրքիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ Մոտ ութ տասնամյակ տևած այս շրջանում էլ մեծամասամբ վերականգնվել են Նախիջևանի ավերված հուշարձանները, ինչպես նաև կառուցվել են նորերը։ Շինարարական աշխատանքների այդօրինակ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին նաև XIX դ. առաջին կեսերին, երբ Նախիջևանն իր գավառներով, Հայաստանի մյուս գավաոների հետ միասին, միացվեց Ռուսաստանին։ Այդ ժամանակ ևս, մինչև 1910-ական թվականները, նկատելի աշխատանքներ են կատարվել մի շարք հուշարձանների վերականգնման ու պահպանության, նորերի կաոուցման ուղղությամբ։

Թեև գտնում ենք, որ ավելորդ է Նախիջևանի հայկական հուշարձանների կորստի չափի ու քանակի մասին վկայակոչել գոյություն ունեցող բազմաթիվ հեղինակավոր ու վստահելի աղբյուրներ, հարկ ենք համարում ընդգծելու, որ մխիթարական չէ նաև այդ հուշարձանների այսօրվա վիճակը։ Ամբողջ երկրամասի շատ ու շատ բնակավայրերում և նրանց մերձակայքում դեռևս չարագործ ձեռքերը ավերակների են վերածում հուշարձաններն ու հուշարձանախմբերը, տեղահան են անում կամ կոտրում, ձորերն ի վար են գլորում խաչքարերն ու տապանաքարերը, զանազան հնագիտական բեկորները, անտարբերություն են ցուցաբերում պետական օրենքով պահպանվող ու գնահատվող հուշարձանների նկատմամբ։

Այս հրատարակության նպատակն է ի մի հավաքած և որոշակի համակարգով արձանագրել Նախիջևանի ԻՍՍՀ տարածքում գտնվող մ. թ. ա. III հազարամյակի հուշարձաններից մինչև XX դ. կառուցված և մեր օրերը հասած կանգուն և ավերակ հայկական պատմաճարտարապետական, հնագիտական հուշարձանները, գիտական ու պատմական աղբյուրների համադրությամբ, ամփոփ ձևով նկարագրել դրանց ներկա վիճակը, ինչպես նաև ուշադրության հրավիրել այդ ժառանգության գիտական ուսումնասիրման և ըստ ամենայնի պահպանման գործի վրա։ Պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրողների առաջ ծագող տարաբնույթ հարցերին պատասխանելու նպատակով, ինչպես նաև տարբեր դարաշրջանների հուշարձանները հնարավորին չափ լիարժեք ներկայացնելու համար աշխատել ենք մեր կազմած հարցերին ի պատասխան ներկայացնել աղբյուրագիտական ու վիճակագրական ամենաանհրաժեշտ տեղեկություններն ու փաստերը։ Մի հանգամանք, որը համապատասխանում է ինչպես գիտական աշխատանքների ժամանակակից պահանջներին, այնպես էլ բավարարում է մեր միության մեջ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1948 թ. հոկտեմբերի 14-ի N 3898 որոշմամբ ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետական գործերի կոմիտեի 1949 թ. ապրիլի 8-ի1, ՍՍՀՄ Կուլտուրայի մինիստրության 1972 թ. մարտի 27-ի N 153 հրամաններով նախատեսված հուշարձանների հաշվառման, անձնագրավորման և հաշվառման քարտերը կազմելու ու լրացնելու հրահանգներին, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1982 թ. սեպտեմբերի 16-ի N 865 «Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման ու օգտագործելու մասին» օրենքի հարցադրումներին։

Հուշարձանների ցուցակը կազմելու և դրանց նկարագրությունների շարադրման հիմնական ելակետը հուշարձաններն են՝ իրենց կանգուն ու կիսականգուն, կիսախաթար, ավերակ և արդեն քայքայված, կործանման և անհետացման ենթակա վիճակներով։ Այդ առթիվ վերջին 10—12 տարիների ընթացքում հրատարակել ենք «Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները» (1978), «Памятники армянский архитектуры Нахичеванской АССР» (1981), «Ագուլիս», «Ջուղա» (1984) գրքերը և շուրջ 40 գիտական հոդվածներ։ Հարցակարգերի պատասխանների համար հիմք են հանդիսացել նաև հուշարձաններից ու դրանց մերձակայքերից, գերեզմանատներից մեր հավաքած վիմագրերը, որոնց մի չնչին մասն ենք դեռևս հրատարակել։ Աղբյուր են հանդիսացել նաև ձեռագրական նյութերն ու պատմական տեղեկությունները, հրատարակված զանազան աշխատություններում տեղ գտած հիշատակումներն ու այլ տվյալները։ Աշխատանքի վերջում թվարկված հիմնական գրականությունից բացի հուշարձաններին վերաբերվող զանազան հարցերը մշակելու համար օգտվել ենք նաև Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի հավաքածուներից, հրատարակված և անտիպ մի շարք ձեռագիր ցուցակներից, մամուլից, գիտական հանդեսներից, առանձին ժողովածուներից ու հետազոտություններից, ինչպես նաև առանձին անհատների մոտ եղած XIX—XX դդ. լուսանկարներից և այլ նյութերից։ Այնուամենայնիվ, մի շարք հուշարձանների արդեն ավերված ու քայքայված վիճակները և առ այսօր նրանց չուսումնասիրված-չարձանագրված լինելն ու այլ հանգամանքները, հակառակ մեր պրպտումների, անհնար են դարձրել սպառիչ պատասխաններ տալու հարցակարգի բոլոր հարցերին։ Այդ իսկ պատճառով հարցերի պատասխաններում տեղ են գտել «անհայտ» բառը, իսկ պատմական ու ձեռագրական աղբյուրներում հիշատակվող այն հուշարձանները, որոնց վերաբերյալ բացակայում է անհրաժեշտ տեղեկություններ, ըստ գավառների և այբբենական կարգով խմբավորել ենք «հավելված» բաժնում։

_______________________
1. Инструкция о порядке учета, регистрации содержания и реставрации памятникож архитектуры, М., 1949.
2. Инструкция по заполнению паспорта и учетной карточки на памятники истории и культуры СССР. М., 1972.
_______________________

Հուշարձանների նկարագրությունների միօրինակությունը պահպանելու համար հիմնական հարցակարգը կազմել ենք հետևյալ կառուցվածքով և տարրերով, որոնք ընդգրկում են հուշարձաններին վերաբերող գրեթե բոլոր հարցերը.

1. N-ը
2. Անվանումը
3. Ժամանակը
4. Տեղը
5. Ճարտարապետը
6. Պատվիրատուն, մեկենասը
7. Հորինվածքը
8. Շինանյութը
9. Վերանորոգումներ
10. Մուտքը
11. Աբսիդը
12. Մույթերը
13. Ավանդատները
14. Գմբեթը
15. Արձանագրություններ
16. Որմնանկարներ
17. Պատկերաքանդակներ
18. Զարդաքանդակներ
19. Շրջակայքը
20. Վիճակը

Նյութն ամբողջությամբ

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , ,

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment