Գիրքը պատմում է արցախյան պատերազմին մասնակից «Կարիճ» ջոկատի անցած մարտական ուղու մասին, իր մեջ ընդգրկելով 1960-ական թվականներից սկսած ընդհատակյա շարժումներին և արցախյան շարժմանն առաջին իսկ օրից մասնակցած մարդկանց մասին տեղեկություններ: Ռազմահայրենասիրական դաստիարակության, փառքի ու անմահության խորհրդանիշ է այս գիրքը:

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

«Կարիճ» ջոկատը գիրքը ո’չ թե. շաբաթների, ամիսների և տարիների աշխատանքի արդյունք է, այլ մի ապրած կյանքի ու Հայ Ազգի նորօրյա պայքարի պատմությունը լրացնող մի էջ: Այն իր մեջ ընդգրկում է նաև թե’ մարդկային հոգու, թե’ ազատամարտը` որպես հոգու արգասիք դրոշմող էության նկարագիրը: Գրքում զետեղված և’ «գեղեցիկ», և’ «տգեղ» պահերը մերն են` մեր ազգինը և ժողովրդինը, որը մեզ խորհելու և անցյալը վերապրելու «էջեր» է մատուցում: Հեղինակը ներկայացրել է իր ապրած կյանքն ու հայ ժողովրդի պատմությունն ագուցող փոքրիկ մի շղթա` համեմված գեղարվեստական դրվագներով: Հեղինակի հետ համամիտ լինելը կամ չլինելը չէ մեր խնդիրը, ինչպես նաև գիրքը, որպես գրական-պատմական գործ գնահատելը, այլ այն, որ ևս մեկ էջով հարստացավ մեր նորօրյա պայքարի հանրագիտարանը` ականատեսի աչքերով ու ականատեսի գրչի «շռայլությամբ»: Գրքում, կարմիր թելի պես` զիգզագաձև ճանապարհով, ձգվում է գեներից ժառանգած «տղամարդու պատիվը», որը մանուկ երեխային դարձրեց հրամանատար, պայքարի մարտիկ, ով իր շուրջը կարողացավ համախմբել ընկեր-բարեկամների ու նվիրյալների` «Կարիճ» ջոկատի հիմնաքարը դնելու համար: Այսօր շատ քիչ, կամ կարելի է ասել, որ ընդհանրապես չեն գնահատվում արցախյան ազատամարտի նվիրյալները, իսկ այս գրքում, հեղինակի նվիրման ու գնահատման շնորհիվ, ընթերցողին են ներկայացվում մեր ժողովրդին թե՛ հայտնի, թե՛ անհայտ դեմքեր ու անուններ: Չնայած ժամանակը հիշողության թշնամին է, այնուամենայնիվ «ապրված կյանքը» միշտ էլ վեր կհառնի` որպես վկա: Ու այդ վկան այսօր, հեղինակի և իր ջոկատայինների կյանքում, «Կարիճ» ջոկատը գիրքն է, որպես մի շարք ազատամարտիկների կյանքի էջամատյան: Իհարկե, գիրքը ունի նաև թերացումներ` վավերագրության առումով, այնուամենայնիվ այն չի ներկայացվում որպես փաստ ավավերագրական հենք` մերօրյա պատմության կերտման համար, այլ ուղղակիորեն ներկայացնում է մի ջոկատի պատմություն`որպես հիմք, որի շուրջը կատարվող գործողությունները մաս առ մաս կենտրոնացվում են` դրվագների տեսքով: Եթե յուրաքանչյուրս կարողանանք մեր լուման ներդնել հայոց պատմության կերտման գործում, ապա վաղվա օրը մեզ չի անարգի և ոչ էլ սերունդները կձուլվեն` ժամանակի ու տարածության մեջ: Բեղուն գրիչ եմ մաղթում` մեր նորօրյա և հավերժ պայքարի հաղթարշավները ներկայացնող բոլոր պատմագիրներին.

Բեռնել գիրքը

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թողնել մեկնաբանություն

Name (*)
Mail (will not be published) (*)
URI
Comment