<<Նոր տարի>> հասկացությունն ազգագրության մեջ հուշում և բնորոշում է ոչ այնքան որոշակի ամսաթիվ, որքան տոմարական ծեսերի, արարողությունների համալիր, որ ուղեկցում է տիեզերական և տնտեսական փուլի ավարտին և անցմանը հաջորդ փուլ: Թե որ օրը կընտրվի իբրև տարեշրջանի հաշվառման սկզբնակետ, կախված է տվյալ մշակույթի առանձնահատկութուններից, տեղանքի կլիմայական պայմաններից, պատմականորեն ձևավորված տոմարի ճշգրտությունից: Այժմ հայերի տարեմուտի հանդիսությունները կապված են հունվարի մեկի և հունվարի վեցի տոների հետ: Հունվարմեկյան քրիստոնեական տարեմուտը համընդհանուր հաստատում է գտել միայն 18-րդ դարում: Մինչ այդ, տարբեր ժողովուրդներ ունեցել են գարնանային, ամառային, աշնանային, ինչպես նաև լուսնային շարժական նոր տարի:

Ամանորի տոնածիսական համալիրը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայոց մեջ այնտեղ, որտեղ մեծ շուքով նշվել է հունվարի մեկը` իբրև տարեմուտ, ավելի պասիվ է նշվել հունվարի 6-ի տոնը` Ս.Ծնունդը և հակառակը: Այսինքն, ժողովուրդը, ելնելով որոշակի ավանդույթներից, տարեմուտ է ընկալել մի դեպքում` հունվարի մեկը, մյուս դեպքում` Ս.Ծնունդը` հունվարի 6-ը: Ամանորյա երկու տոները` Կաղանդ-Նոր տարի և Ս.Ծնունդ հայտնությունը, կառուցված են միևնույն ձևով և ընդգրկում են ավանդական հետևյալ ծեսերն ու արարողությունները:

Մաքրագործման արարողություններ

Մաքրում էին տունը, բակը, գոմը: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ին բերած ջրով լվացվում էր ամբողջ ընտանիքը, որն այդ նպատակով հավաքվում էր թոնրի շուրջը: Մինչև այսօր էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը հատուկ են զարգացած հեթանոսության փուլին և հայտնի են բազում ժողովուրդների պատմությունից: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ/սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ/: Մաքրությունը խորհրդանշում է սկիզբ, անապական, նախնական վիճակ, որից սկսվում էր նոր տարվա պատմությունը, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:
Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ էին կրում: Լոռիում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին: Համշենում որ կծու կերակուր էին ուտում, ոչ էլ թթու խոսք ասում միմյանց: Այս սովորությունները կապվում են խոսքի մոգության հետ: Անցումային այդ օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չաիրք բերել ամբողջ տարվա համար, <խոսք-աղբը> կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պիտի նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե տանը, թե հասարակական միջավայրում: Թխվում էր թարմ հաց, նույնիսկ եթե տանը կար բավականաչափ հաց: Ինչու՞ հենց հաց: Հացը հայերի մոտ պաշտվել է, ի տարբերություն բազմաթիվ այլ ժողովուրդների: Կովկասյան մի շարք ժողովուրդներ/աբազներ, աբխազներ/ հաց ասվածը , որպես այդպիսին չունեն: Հացին փոխարինում է обыста կոչվող դոնդողանման զանգվածը: Հավանաբար այստեղից էլ паста բառը:
Ամանորյան տոնածիսական սեղանը բնականաբար տարբերվում էր մերօրյա տոնական սեղանից: Ավանդական Նոր տարին ուտիս օր չէ, այն պաս օր է: Եվ որքան էլ առատ լիներ սեղանը, մսեղեն կերակրատեսակները բացառվում էին: Գերապատվությունը տրվում էր հատիկեղենին` լոբի, ոսպ, չարազին, քաղցրավենիքներին: Այժմ գրեթե մոռացված է հատիկեղենի նշանակությունը Նոր տարվա սեղանին: Մինչդեռ բոլորովին պատահական չէ հատիկեղենի կիրառումը: Հատիկը առհասարակ բոլոր մշակույթներում խորհրդանշում է կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը: Այն նման է սաղմի, այն թաղվում է հողում, խորհրդանշորեն մահանում է, ապա կրկին վերակենդանանում` ծիլ տալիս: Հատիկեղենը կամ դրանից պատրաստված կերակուրները առկա են բոլոր տոմարային տոների ծիսաշարում` հարիսան` Նավասարդին, Բարեկենդանին և Ս. Ծննդին` որպես ծիսական կարևորագույն ուտեստ, ձավարով պատրաստված կաթնապուրը` Ծաղկազարդին` որը ժողովուրդն անվանում էր Կաթնապրի տոն: Ծաղկազարդին կաթնապուրը լցնում էին դաշտերի շուրջը` առատ բերք ստանալու ակնկալիքով: Իսկ Ս.Ծննդի ծիսական հարիսայի հետ պիտի հաղորդակցվեին տան բոլոր անդամները, ընդհուպ մինչև նորածինները: Տանտիկինը հարիսայի յուղից քսում էր նորածնի շուրթերին` որպես պարտադիր հաղորդակցություն սրբազան ուտեստի հետ: Ընդ որում` հոգեպես անմաքուր, մեղավոր մարդն իրավունք չուներ ուտելու հարիսան: Ամանորյան սեղանի զարդն էր լոբին` իր տարատեսակներով հանդերձ, հատկապես Լոռիում: Լոբին իր պատյանով նման է ընտանիքի, իսկ հատիկը` սաղմն է, էմբիրոնը` կրկին նորացվող կյանքի և հավերժության գաղափարը: Խեթերը լոբին կապում էին աչքի լույսի հետ և իրենց մոգական ծեսերում լոբով շփում էին իրենց աչքերը` միաժամանակ լոբուն նվիրված բանաձևեր արտասանելով: Նոր տարվա կարևորագույն ուտեստն էր տարի հացը, տարեհացը, որը ևս խորհրդանշական հսկայական հիմքեր ունի: Տարեհացի մեջ դրվում էր <դովլաթը>` գուշակության դրամը: Տարեհացը զարդարում էին ամենատարբեր սիմվոլներով` հիմնականում տիեզերական, բաժանում էին 12 մասի: Ընտանիքի անդամներից ում բաժին ընկներ <դովլաթը>, նրա համար էլ տարին համարվում էր հաջողակ: Հավատում էին, որ եթե տարեհացը կտրելուց դանակը դեմ առնի կոպեկին,շատ վատ բան է սպասվում եկող տարում: Առատ էին մրգերը` կրկին որպես պտղաբերության և արգասավորության խորհրդանիշ: Քանի որ տարին նոր էր սկսվում, բոլորը ցանկանում էին իմանալ ինչպիսին է լինելու այն իրենց, իրենց ընտանիքի համար: Հենց դրա համար էլ Նոր տարի-Կաղանդը հարուստ է գուշակություններով, հատուկ դրա համար կատարվող ծեսերով և ուտեստով: Ամանորի տոնածիսական համալիրի մեջ կարևորագույն տեղ են զբաղեցրել ասիլիկ-վասիլիկները կամ ուղղակի վասիլները, երբեմն` բասիլները: Սրանք մարդակերպ փոքրիկ գաթաներ էին, կարող էին ունենալ նաև առարկաների ու կենդանիների տեսք` եզների, քսակի, կովի պտուկների: Վասիլիկները թխվում էին թոնիրներում և ըստ նրանց ուռչելու, փքվելու աստիճանի որոշում էին, թե ինչ է լինելու հաջորդ տարում: Օր. տան երիտասարդ հարսի կերպարանքով վասիլիկ էին պատրաստում, եթե թխվելիս այն փքվում էր, հավատում էին, որ տանը երեխա կծնվի: Երիտասարդ աղջիկները ևս գուշակություններ էին անում: Կարմիր հինայի և սև ածուխի արանքում ձու էին դնում: Առավոտյան եթե այն կարմրած էր լինում հինայից, հավատում էին, որ տարին լավ է լինելու իրենց համար: Նման գուշակություններն ու ծեսերը աղերսներ ունեն անհիշելի ժամանակների կորած, մոռացված հավատալիքների հետ, որոնք վերապրուկների տեսքով պահպանել ու կատարել է ժողովուրդը` անկախ հեթանոսության կամ քրիստոնեության ժամանակաշրջանի:
Բազում ազգագրական շրջաններում Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմտի քյութակ` մեծ գերան, որի մի ծայրը դրվում էր կրակի մեջ և այրվելու ընթացքում այն աստիճանաբար ներս էին հրում:Այն պիտի վառվեր մինչև Ս. Ծնունդ: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում էր կարկուտից: Ամեն մի հյուր պարտավոր էր մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը պարտադիր որևէ լույս վառն էին թողում: Մութն ընկնելուն պես տանտիկինը շեմին մոխիր էր ցանում` չարքերից պաշտպանվելու համար: Այդ նույն նպատակով ալյուրով դռանը խաչ էին անում: Հաց ու ջրից զատ նորոգվում էր նաև կրակը:
Հին ժամանակներում գերանը հանդիսացել է ընտանիքի ամրության խորհրդանիշ. տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ծննդյան բոլոր կերակուրները:
Գերանը, որը վառում էին Նոր տարվա նախորդ իրիկունը, կոչվում էր Տարեմտի քյոթուկ, որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում, որպեսզի ապահովեին բերքի առատությունը և կանխեին կորուստը: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ են ապրում տան նախնիների հոգիները:
Ավանդական սովորության համաձայն, Կաղանդի գիշերը շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր:

Ամանորյա ծիսական մաղթանքներ

Նախ, այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ, առհասարակ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի նա շատ տարիներ իր տանից անպակաս լիներ: Առավոտյան վաղ նոր բերած ջուրը հեղում էին տան անկյուններում` տան առատությունը ապահովելու համար: Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես մեծերը` փոքրերին: Տանը դուռը երբեք չէր փակվում:

Ամանորյա մաղթանքներ

Տունը շեն իլի,
Բարաքյաթ իլի,
Միշտ ջոմարդ իլեք
Մեզ էլ միշտ հիշեք
Շնորհավոր նոր տարի:

Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրերշատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:
Շնորհավոր, ձեր նոր տարին առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք, բոլոր պանդուխտները վերադառնան:
Գրեթե բոլոր ազգագրական շրջաններում Կաղանդի կեսգիշերը գնում էին ջուր բելեու: Աղբյուրի մոտ լվացվում էին ջրով, կորկոտ ու լոբի էին ցանում ջուրը, ջրում թրջում էին Կաղանդի հացը, անպայման ջուր էին տանում տուն: Ընդ որում տուն էին գնում առանց հետ շրջվելու: Վանում հունվարի 1-ի առավոտյան կանայք ու աղջիկները ծիսական հացեղենը տանում էին աղբյուրի մոտ և թրջում ջրում, ապա հացի կտորները պահում էին ամբողջ տարվա ընթացքում: Ջուր բերելու ծեսն անհերքելի ապացույց է այն բանի, որ Կաղանդը և Ս. Ծնունդը հնագույն արևադարձի տոներ են: Ջուր բերելու ամանորյա ծեսեր կան նաև այլ հին ժողովուրդների մոտ:

Ամանորի տոնածառը

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես խված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում: Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից /թվով յոթ/պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:
Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը:
Զարդարում են նաև մրգերով, կոպեկներով, փշերով` ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով` որպես առատության ու լիության խորհրդանիշ:
Կենաց ծառի կողքին կա ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր են դրված: Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լինի: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառի: Իսկ տան մեծ մամիկի մոմը պետք է առաձնահատուկ լինի: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում են երեխաները, սկսում են մամիկից չիր ու չամիչ ուզել: Սակայն եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Իսկ մամիկն էլ ստիպված նրանց կրկին տալիս էր անուշեղեն:

Ծիսական այցելություններ

Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս սկսում էին երգել: Երգերի տեքստերը պարունակում էին բարեմաղթություններ, ընտանիքի անդամների գովք և տոնական ճաշատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր պարկեր էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը կախված տոպրակի մեջ դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է այդ տղամարդու կինը դառնալ եւ նրա համար զավակներ ունենալ: Իսկ ի պատասխան աղջիկների փոխադարձ սիրո` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը:
Տոնը շնորհավորելու ավանդույթի համաձայն, թե տնեցիները, թե այցելուները տուն մտնում էին աջ ոտքը առաջինը ներս դնելով, այլապես ձախորդությունները անպակաս կլինեին: Տարվա առաջին օրը, լուսաբացին, տանտիկինը դուրս էր գալիս և յուղ քսում տան պատի այն հատվածին, որտեղ պիտի դիպչեր արև առաջին շողը: Կամ կարմիր շոր էր փռում տան շեմի դիմաց, քանի որ տան շեմը համարվել է այն ջրբաժանը, որտեղ հանդիպում են բարի ու չար ուժերը: Մեղրով խաչ էին նկարում նաև գոմի պատին` ի նշան առատության: Ծերունիները տան դրսի պատին իրենց բնորոշող առարկաներ էին նկարում, հաճախ` ալյուրով: Տան շեմի ու դրսի պատերի հետ կապված բոլոր արարողոթւյունները կապված են տարին ներս հրավիրելու, բարիքը տան մեջ առնելու հետ: Ջավախքում տանտիկինը հարսների հետ Տարեհացը ձեռքներին դուրս էին գալիս և նայելով դեպի արևելք, ասում էին. << Դովլաթ, սարն ես, ձորն ես, արի տուն>>: Ամանորի առաջին որը սկզբում այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով:

Ծիսական սովորություններ

Նոր տարին պետք էր նոր հացով սկսել:
Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ 8-10 տարեկան մի անմեղ աղջնակ շաղում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:

Ջուր կաղանդելու սովորույթ

Կաղնդել, նշանակում է կախարդել, կամ բաշխել, նվեր տալ: Այսինքն երբ գնում էին Ջուր կաղնդելու` ջրի մեջ հատիկներ ու քաղցրավենիք էին լցնում, զոհաբերում այլ կերպ ասած, որ տարին առատ ու բարի լինի:
Կեսգիշերին երիտասարդները գնում էին ջրի, իսկ տարեց կանայք ջրի մեջ հատիկներ ու հացի, խմորեղենի կտորներ էին գցում, այնուհետև` հմայական, շնորհավորականխոսքեր ասում` կաղնդում էին ջուրը: Այդ գիշեր ջրի տակ թրջած հացի մի քանի կտոր ամբարի մեջ պահում էին մինչև տարվա վերջ, որպեսզի հացը առատ լիներ, իսկ Հացի հոր կոչվող կլոր, ծակ թխվածքը կախում էին տան պատից:
Գիշերը թրջած խոտը, ինչպես նաև տան կենդանիների, երկրագործական գործիքների պատկերներով թխված հացիկները կաղանդած ջրում առավոտյան թրջելուց հետո ուտեցնում էին կենդանիներին: Ուտեցնելու այդ պահը ուղեկցվում էր բարեմաղթություններով:
Բացի այդ, Ամանորին Հայաստանում ընդունված էր շնորհավորել անգամ անշունչ առարկաներին: Շնորհավորում էին նաև տան ոգիներին, ասելով`Ովքեր չեն երևում, շնորհավոր նոր տարին։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.