Աբելյան-Արմենյան թատերախումբը
Կ. Պոլսում, Շիշլիի գերեզմանատանը,
Պ. Ադամյանի գերեզմանի մոտ։ 1908։

ԱԲԵԼՅԱՆ-ԱՐՄԵՆՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ, ստեղծվել է 1908-ին, Թիֆլիսում՝ Հ. Աբելյանի և Ա. Արմենյանի ջանքերով։ Նպատակն էր հյուրախաղերով այցելել Արևմտյան Հայաստանի, Անատոլիայի և Կ. Պոլսի հայությանը։ 1908-ին ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում, ապա՝ Քոթակում, Կարինում, Բաբերդում, Տրապիզոնում, Սամսոնում, Կ. Պոլսում (40 ներկայացում), Օրդուում, Ադաբ ազարում, Իզմիրում, Էսքիշեհիրում, Կարասոնդեում, Պարտիզակում, Զմյուռնիայում, Մանիսայում, Բրուսայում։ 1909-ին ներկայացումներ է տվել Իրանում։ Վերադառնալով Թիֆլիս՝ խումբը համալրվել է, մեկնել Բաթում և 1909-ի նոյեմբերի 8-ին «Պատվի համար» ներկայացումով սկիզբ դրել տեղի հայ նոր թատրոնին։ Ուղևորվելով Կ. Պոլիս՝ միացել է Հ. Զարիֆյանի թատերախմբին։ «Աբելյան-Արմենյան-Զարիֆյան» թատերախումբը, ավարտելով ներկայացումները Կ. Պոլսում, բաժանվել է երեք մասի, մի մասը հյուրախաղերի է մեկնել Զմյուռնիա` Ա. Արմենյանի ղեկավարությամբ, երկրորդը` Անատոլիայի հայաշատ կենտրոնները՝ Ա. Բերոյանի, երրորդը՝ Իզմիթ, Պարտիզակ, Ադաբազար, Էսքիշեհիր և Ռոդոսթո՝ Հ. Աբելյանի և Հ. Զարիֆյանի ղեկավարությամբ։ Աբելյան-Արմենյան թատերախմբի վերջին հյուրախաղերը կայացել են 1911-ին, Բաքվում, Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Հյուսիսային Կովկանի հայաշատ կենտրոններում։ Տարբեր ժամանակներում թատերախմբի հյուրախաղերին մասնակցել են՝ Հ. Աբելյանը, Ա. Արմենյանը, Հ. Զարիֆյանը, Զաբելը, Ե. Դուրյան-Արմենյանը, 0. Գուլազյանը, Ժասմենը, Հ. Ոսկանյանը, Ա. Բերոյանը, Մ. Մանվելյանը, Գ. Ավետյանը և ուրիշներ։ Թատերախմբի խաղացանկը բաղկացած էր Ա. Շիրվանզադեի, Հ. Պարոնյանի, Գ. Սունդուկյանի, Ա. Աբելյանի, Ս. Թառայանի, Մ. Գևորգյանի, ինչպես և Վ. Շեքսպիրի, Ֆ. Շիլլերի, Հ. Իբսենի, Հ. Նայդյոնովի և ուրիշների պիեսներից։ Ժամանակի մամուլում Մ. Մնակյանը, Վ, Թեքեյանը, Տ. Կամսարականը, Գ. Զոհրապը բարձր են գնահատել Աբելյան-Արմենյան թատերախմբի ներկայացումները։ Թատերախմբի գործունեությունը խոշոր երևույթ էր հայ հասարակական-մշակութային կյանքում։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.