ԱԲԱՂԱ (ծն. թ. անհայտ – 1282), Հուլավյանների մոնղոլական պետության իշխան 1265-ից։ Հաջորդեց հորը՝ Հուլաուին: ԱԲԱՂԱՅԻ օրոք շարունակվեցին պատերազմները Ոսկե հորդայի, Չաղատայան ուլուսի և Եգիպտոսի սուլթանության հետ։ ԱԲԱՂԱՅԻՆ հպատակ հայերի և վրացիների հանդեպ ցուցաբերում էր համեմատաբար հանդուրժողական վերաբերմունք՝ նրանց ռազմական ուժերը օգտագործելով իր մղած կռիվներում։ ԱԲԱՂԱՅԻ արքունիքում հեղինակություն էին վայելում հայ իշխաններ Սադուն Արծրունին, որը կարգվեց Արևելյան Վրաստանի աթաբեկ, Պռոշ Խաղբակյանը, Տարսայիճ Օրբելյանը և ուրիշներ։ ԱԲԱՂԱՆ 1277-ին դաժանորեն պատժեց Փոքր Ասիայի թուրքերին և, ըստ Հեթում պատմիչի, իր դաշնակից Լևոն Գ թագավորին առաջարկեց Իկոնիայի սելջուկյան սուլթանության երկրները միացնել Կիլիկիային՝ իր տերության արևմտյան սահմանները հայոց ուժերով ապահովելու նպատակով։ Սակայն Լևոն Գ խոհեմաբար հրաժարվեց այդ պարգևից՝ պատճառաբանելով, որ ինքը բավարար ուժեր չունի այդպիսի մեծ տերությունը պաշտպւսնելու շրջապատող թշնամիներից։ 1281-ի հոկտեմբերի վերջին Ասորիքի Համաթ և Հոմս քաղաքների մոտ տեղի ունեցավ ճակատամարտ ԱԲԱՂԱՅԻ և Եգիպտոսի սուլթանության բանակների միջև։ ԱԲԱՂԱՅԻ կողմում կռվում էին հայ-վրացական զորքեր։ Ճակատամարտն ավարտվեց ԱԲԱՂԱՅԻ պարտությամբ։ Նա մահացել է ապրիլի 1-ին, Համադանում:
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.