ԱԲԵՂՅԱՆ Մանուկ Խաչատուրի (1865-1944), հայ բանագետ, լեզվաբան, գրականագետ, բառարանագիր: Պրոֆեսոր (1926), գիտության վաստակավոր գործիչ (1935)։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Ծնվել է մարտի 5 (17)–ին, Նախիջևանի Աստապատ գյուղում։ Սովորել է Էշմիածնի Գևորգյան ճեմարանում (1876-85), Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում (1893-98), մասնագիտացել գրականության և բանասիրության մեջ։ «Հայ ժողովրդական հավատալիքը» (գերմաներեն) դիսերտացիոն աշխատության համար 1898-ին Ենայի համալսարանում ստացել է Փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Դասավանդել է էջմիածնի Գեորգյան ճեմարանում (1885-87 և 1898 և 1914), Շուշիի թեմական (1887-89), Թիֆլիսի Հովնանյան (1889-93), Ներսիսյան դպրոցներում ու հայկական պետական գիմնազիայում (1914-19)։ Աշխատակցել է հայ պարբերական մամուլին («Նոր դար», «Մուրճ», «Արարատ», «Ազգագրական հանդես», «Նորք» և այլն)։ Աբեղյանը եղել է Երևանի պետական համալսարանի հիմնադիր-դասախոսներից, պատմագրական ֆակուլտետի դեկան (1923-25), ամբիոնի վարիչ։ 1925-30-ին գլխավորել է Սովետական Հայաստանի գիտահետազոտական առաջին հաստատությունը` Գիտության և արվեստի ինստիտուտը։ Այնուհետև աշխատել է Երևանի պետական համալսարանում և ՀՍՍՀ գիտահետազոտական հիմնարկներում։ Մահացել է սեպտեմբերի 25-ին, Երևանում։ Աբեղյանը հետազոտել է հայ ժողովրդական անահյուսությունը, գրականությունը, ժամանակակից հայոց լեզուն, ուսումնասիրել և համակարգել է պատմա-վիպական ու քնարական ժանրի ժողովրդական ստեղծագործությունները, մշակել դրանց գոյացման և պատմա-տիպաբանական զարգացման տեսությունները։ Հայտնաբերել է «Սասնա ծռեր»–ի երկրորդ տարբերակը։ 1889-ին Շուշիում հրատարակել է «Դավիթ և Մհեր»– ժողովրդական վեպի մոկաց պատումը` գրի աոած 1886-ին, Էջմիածնում, Գևորգյան ճեմարանի դռնապան Նախո քեռուց։ Հետազոտել է «Սասնա ծռեր»-ի ժանրային-գեղարվեստական հատկանիշները, բացահայտել նրա պատմական ատաղձն ու վիպական-առասպելական շերտերը, ապացուցել նրա համաժողովրդական-աշխատավորական բնույթը։ Ստեղծագործաբար յուրացնելով նախորդ հայագետների (Մ. Էմին, Ղ. Ալիշան, Հ. Գելցեր) փորձը` Աբեղյանը պատմա-համեմատական եղանակով, նորովի ուսումնասիրել է հայերի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, գնահատել դրանց կուլտուր-պատմական արժեքը։ Հայ պատմիչների (Մովսես Խորենացի, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Սեբեոս) երկերում պահպանված վիպական հատվածների բանասիրական քննությամբ ապացուցել է հնում ժողովրդական այլ վեպերի («Վիպասանք», «Պարսից պատերազմ», «Տարոնի պատերազմ») գոյությունը։ Հայ վիպական բանահյուսության զարգացումը Աբեղյանը բաժանել է ժանրային-թեմաաիկ ժամանակագրական հինգ շրջանի՝ա. նախնական հմայքներ և առասպելներ,
բ. առասպելական վեպ (վիպասանք)՝ անցում առասպելից ժողովրդական վեպին,
գ. «Պարսից պատերազմ»,
դ. «Տարոնի պատերազմ»,
ե. «Սասնա ծռեր» ու վիպական երգեր։
Ուսումնասիրել է հայ քնարական բանահյուսությունը, մասնավորապես՝ միջնադարյան հայրենները և նոր ժամանակների երգ-խաղիկները, բացահայտել դրանց առնչությունները։ Ցույց է տվել ժողովրդական երգերի հին ակունքները, նրանց զարգացումն ու գոյատևումը։ Հերքել է հայրենները Նահապետ Քուչակին վերագրելու տեսակետը, ապացուցելով, որ դրանք հին և անհայտ գուսանների՝ միջնադարում ժողովրդականացած ու տարածված երգեր են։ Իր բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները նա ամփոփել է կյանքի վերջին շրջանում գրած «Հայոց հին գրականության պատմություն» (հատոր 1-2, 1944-46) աշխատության մեջ` հայ գեղարվեստական մտքի ծագման ու զարգացման ընթացքը կապելով ժողովրդի պատմա-քաղաքաեան և սոցիալ-տնտեսական կյանքի հետ։ Հայ գրական-գեղարվեստական մտքի զարգացումը բաժանել է չորս շրջանի. առաջինը նախնական առասպելա-պատմական բանահյուսությունն է, երկրորդը՝ V-X դդ. հայ դպրությունը՝ կրոնաեկեդեցական և ժողովրդական վիպա-բանահյուսական բաղադրիչներով, որի ընդերքում նա հայտնաբերել է պարսկա-արաբական և բյուգանդական բռնությունների դեմ պայքարի և մաքառման ուժեղ ձգտում։ Այդ շրջանի գրականությունը Աբեղյանը անվանել է «եկեղեցա-քաղաքական մաքառման գրականություն»։ Երրորդ շրջանի՝ XI-XVII դդ. գրականության մեջ նոր աշխարհայացքի հետ մեկտեղ երևան են եկել նոր ժանրեր. կրոնա-ճգնավորական մտայնությունն աստիճանաբար տեղի է ավել ազատ մտածողությանն ու կենսասիրությանը` առաջացնելով նոր արտահայտչաձևեր։ Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Հովհաննես Սարկավագի, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու, Ֆրիկի, Կոստանդին և Հովհաննես Երզնկացիների ստեղծագործությունների վերլուծությամբ Աբեղյանը բնութագրել է գրական մի խոշոր պատմաշրջան՝ անվանելով Վերածննդի գրականություն։ Նա հիմնադիրն է հայկական ուրույն վերածննդի տեսության, որր մաքառման գրականության տեսության հետ կարևոր ներդրում է հայագիտության մեջ։ Ըստ Աբեղյանի, հայ գրականության 4-րդ շրջանը ընդգրկում է նոր աշխարհիկ գրականությունը։ «Հայոց լեզվի տաղաչափության» (1933) մեջ Աբեղյանը մշակել է տաղաչափական տարրերի և հիմունքների մի ամբողջական տեսություն, համակարգել հայ բանաստեղծության տաղաչափական տիպերն ու ձևերը, պատմական փոփոխություններն ու զարգացումը։ Հայերենի տաղաչափությունը վանկական համարելու ավանդական ըմբռնումներին հակառակ, ապացուցել է հայ տաղաչափության շեշտական բնույթը։ Ս. Մալխասյանցի, Գ. Տեր-Մկրտչյանի և Ս. Կանայանի հետ Աբելյանը հայ քննական-բաղդատական տեքստաբանության հիմնադիրն է։ Հրատարակել է բաղդատական բնագրեր (Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն», 1913, Ս. Հարությունյանի աշխատակցությամբ, և Կորյուն, «Վարք Մաշտոցի», 1941, աշխարհաբար թարգմանությամբ հանդերձ)։ Կ. Մելհք-Օհանջանյանի հետ Աբեղյանը կազմել ու հրատարակության է պատրաստել. «Սասնա ծռեր» ժողովրդական վեպի տարբերակները (հատոր 1, 1936, հատոր 2, մաս 1-2, 1944-1951)։
Մեծ արժեք ունեն Աբեղյանի լեզվաբանական–քերականական աշխատությունները։ Աբեղյանը երիտքերականների հետևորդն էր հայ իրականության մեջ։ Լեզվի բնորոշման, փոփոխության, զարգացման և քերականության տեսական հարցերում հիմնականում առաջնորդվել է այգ դպրոցի մշակած սկզբունքներով։ Գերազանցապես զբաղվել է արևելահայ աշխարհաբարի ուսումնասիրությամբ, փաստորեն հիմնադրել նրա գիտական քերականությունը։ Աբեղյանը «Աշխարհաբարի քերականության» (1906) մեջ հանգամանորեն լուսաբանել է բառակազմության, խոնարհման, հոլովման և այլ հարցեր։ «Աշխարհաբարի շարահյուսության» (1912) մեջ քննել է արևելահայ աշխարհաբարի շարահյուսական համակարգը, բացահայտել բառերի պաշտոններն ու կապակցության տեսակները, հոլովների և կապերի նշանակություններն ու կիրառությունները, նախադասության անդամների համաձայնության, շարադասության օրենքները, բայի եղանակների, ժամանակների կառուցվածքային առանձնահատկությունները, պարզ և բարդ նախադասությունների («խոսքերի») տեսակները և այլն։«Հայոց լեզվի տեսություն» (1931) մեծարժեք աշխատության մեջ Աբեղյանը ամբողջականացրել է արևելահայերենի ուսումնասիրությունը։ Աբեղյանն առաջինն է գիտականորեն համակարգել ժամանակակից հայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երևույթները, համակոդմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը, քննել բարդության տեսակները, ածանցները, բացատրել դրանց ծագումն ու նշանակությունը։ Աբեղյանը ստեղծել է բայի կերպերի (կատարվող, կատարված, կատարելի, պարզ կամ անկերպ) տեսությունը, պարզել բայի խոնարհման համակարգի էությունը, որոշել բայի եղանակային ձևերի սահմանները՝ իրենց համապատասխան ժամանակներով։ Լեզվաբանական-քերականական հարցերի պատմականության խոր ըմբռնումով Աբեղյանը նշել է գրաբարի, միջին հայերենի և աշխարհաբարի օրգանական կապը, պարզաբանել քերականական իրողությունների առաջացման ուղիներն ու ձևափոխությունները։ Նա ուսումնասիրել ու իր աշխատություններում ընդգրկել է լեզվական հարուստ նյութեր, դրանց հիման վրա ավելի խոր ու հանգամանորեն ներկայացրել հայերենի գիտական քերականությունը։ Աբեղյանի բառարանագիտական աշխատանքները ևս նպաստել են հայագիտության զարգացմանը։ Նա կազմել է առաջին «Ռուս-հայերեն ռազմական բառարան»-ը (1925), մասնակցել «Ռուս-հայերեն իրավաբանական բառարան»–ի (1919), «Լատին-ոոա-հայերեն բժշկական բառարան»-ի (հրտ. 1951) ստեղծմանը։ Աբեղյանը մշակել է հայ իրավա-քաղաքական և հատկապես ռազմագիտական տերմինաբանությունը։
Զբաղվել է նաև ուղղագրության, հարցերով։ Աբեղյանի անվան հետ է կապված 1922-ի մարտի 4-ի դեկրետով Հայաստանում կատարված ուղղագրության բարեփոխությունը, որը արևելահայ արդի ուղղագրության հիմքն է։ Աբեղյանի անվամբ է կոչվել ՀՍՍՀ ԳԱ գրականության ինստիտուտը (1944-ից)։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Թեգեր: , , , , , , ,

Comments are closed at this time.