ԱԲԵՂՅԱՆ Մհեր (Մեհեր) Մանուկի (ծն. 1909), հայ սովետական նկարիչ։ Մ. Աբեղյանի որդին։
Երևանյան «Նատյուրմորտ» Յուղաներկ 1946 «Հայաստան» Լինոփորագրություն 1968
ՀՍՍՏ ժող. նկարիչ (1960)։ Ծնվել է հունվարի 13(26)–ին, Վաղարշապատում։ Սովորել է Երեանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1922–1927), Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում (1927-30) և Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում (1930-31), աշակերտել Ս. Աղաջանյանին, Ս. Առաքելյանին, Ս. Վ. Գերասիմովին։ 1937-45-ին Ա. դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստական ուսումնարանում, 1954-59-ին՝ Երեանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1967-68–ին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահը։ 1932-ից Աբեղյանի աշխատանքները ցուցադրվում են հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսներում։ Աբեղյանի ռեալիստական ինքնատիպ արվեստը ձևավորվել է 1940-ական թթ. հայ կերպարվեստի ազգային ավանդույթների և Մ. Սարյանի գեղանկարչական սկզբունքների ազդեցությամբ։ Ստեղծագործում է տարբեր ժանրերով (թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքներ, դիմանկար, բայց գերազանցապես՝ բնանկար և նատյուրմորտ)։ Աբեղյանի արվեստում առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանն իր բնությամբ, մարդկանցով, բարիքներով. «Մրգահավաք» (1933, ՀՊՊ), «Դեղձեր և խաղող» (1945), «Երևանյան նատյուրմորտ» (1946), «Լուսիկ Աբեղյանի դիմանկարը» (1947), «Կիրովականի լեռները» (1955, Տրետյակովյան պատկերասրահ), «Նռներով նատյուրմորտ» (1956, Լենինզրադի ռուսական պետ. թանգարան), «Լեռնաշղթա։ Կիրովական» (1956, ՀՊՊ), «Բյուրականի սարերում» (1957, Մոսկվայի՝ Արևելքի ժողովրդական արվեստների պետական թանգարան), «Բջնի» (1958, Լենինգրադի ռուսական պետ. թանգարան), «Ամառ» (1959, Տրետյակովյան պատկերասրահ), «Դեղձահավաք» (1960), «Զովանի» (1965) և այլն։ Աբեղյանի բնանկարներին հատուկ է լուսավոր բներանգը, նատյուրմորտներին՝ պլաստիկ շոշափելիությունը և ընդգծված գունեղությունը։ Գրաֆիկայում Աբեղյանը առաջինը պատկերեց Հայաստանը՝ թեմատիկ լայն ընդգրկումով։ Հեղինակ է օֆորտների, ասեղնափոր գործերի և այլն։ Լինոփորագրություններում, վարպետորեն օգտագործելով պատկերման տարրեր հնարավորությունները, հասնում է լայն ընդհանրացումների: Հայտնի են՝ «Նորքի ճանապարհը» (1932-36), «Հերոս քաղաք» (1943-64), «Խաղաղություն և պատերազմ» (1967-68), «Երեվանյան սյուիտ» (1968), «Հայաստանն այսօր» (1968-69) նկարաշարքերը։
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.