ԱԲԵՂՅԱՆՆԵՐ, Աբեղեանք, Աբեղանիք, հայ նախարարական տոհմ Աբեղյանք գավառում։ Ըստ Մովսես Խորենացու, Աբեղյանների նախարարությունը հիմնել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը՝ տոհմի նահապետ Աբեղին արքունիքի սպասարար և գահավոր կարգելով։ Խորենացին Արտաշես Բ–ի մահվան կապակցությամբ հիշատակում է Աբեղյանների տոհմից ոմն Աբեղի՝ առաքված Երիզայի (Եկեղյաց գավառ) Արտեմիսի մեհյանը՝ կուռքերից արքայի համար բժշկություն և արևշատություն խնդրելու։ Աբեղյանները Հայոց արքունիքում զբաղեցրել են երկու բարձ (տես Գահնամակ), որը տոհմի մեծության և երկրի քաղաքական կյանքում խաղացած կարևոր դերի ապացույց է։ Աբեղյանների զորքը բաղկացած էր 300 հեծյալից (տես Զորանամակ)։ IV դարից Աբեղյանները կորցնում են իրենց քաղաքական դերը։ Աբեղյանների նահապետ Գազրիկը հիշվում է որպես Վարդանանց պատերազմի մասնակից, իսկ Գրիգոր Աբեղյան իշխանը՝ 544-ի Դվինի Ժողովի մասնակից։ Աբեղյանների մասին այլ հիշատակություն մեզ չի հասել։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.