ԱԲԻԽ (Abich) Հերման Վիլհելմ (1806-1886), գերմանացի երկրաբան, Պետերբուրգի ԳԱ օրդինար ակադեմիկոս (1853) և պատվավոր անդամ (1866)։ Ծնվել է դեկտեմբերի 11-ին, Բեռլինում։ Ավարտել է տեղի համալսարանը (1831)։ Հետազոտել է Իտալիայի հրաբուխները՝ Էտնան, Ստրոմբոլին, Վեզուվը։ 1842-ին հրավիրվել է Ռուսաստան և մինչև 1844 վարել Դորպատի համալսարանի միներալոգիայի ամբիոնը։
Ակոռիի երկրաշարժի (1840) պատճառներն ուսումնասիրելու նպատակով 1844-ին եկել է Հայաստան, Անիում կատարել քաղաքի հանույթը, կազմել նրա գլխավոր շինությունների գծագիրը։ 1845-ին բարձրացել է Արարատ լեռը (գագաթն է հասել հուլիսի  17-ին)։ Տվել է լեռան երկրաբանական նկարագրությունն ու կտրվածքները։ Հայաստանում Աբիխին հինգ ամիս 22 օր ուղեկցել է Խ. Աբովյանը, տեղեկություններ հաղորդել Երևանի նահանգի մասին։ Աբիխը հրատարակել է «Կովկասյան երկրների երկրաբանության ներածական տեսություն» (1859), «Երկրաբանական դիտումներ Կուրի և Արաքսի միջև եղած լեռնաշխարհում» (1867) աշխատությունները։ 1876-ին, տեղափոխվելով Վիեննա, Աբիխը հիմնականում զբաղվել է Կովկասում հավաքած նյութերի մշակմամբ ու հրատարակել «Երկրաբանական հետազոտություններ Կովկասյան երկրներում» (1878-87) եռահատոր աշխատությանը, որի 2-րդ ե 3-րդ հատորները նվիրված են Հայկական լեռնաշխարհին։ Այդ աշխատության առաջին գրքում լուսաբանված է Արաքսի հովտի (Ջուլֆայի շրջակայքի) երկրաբանական կառուցվածքը։ Երկրորդ գրքում ամփոփված են Արևմտյան Հայաստանի երկրաբանությանը վերաբերող նյութերը, տրված է Արաքսի ավազանի երրորդական գոյացումների նկարագրությունը։ Երրորդ գիրքը, որը Աբիխի մահից հետո հրատարակման է պատրաստել Է. Զյուսը, պարունակում է նյութեր Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի երկրաբանական կառուցվածքի և օգտակար հանածոների վերաբերյալ։ Հատորին որպես հավելված կցված է ընդարձակ ատլաս, որտեղ հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի 1:420000 մասշտաբի քարտեզը։ Աբիխը նկարագրել է Մեղրիի, Ղափանի պղնձի, Նախիջևանի քարաղի, Վրաստանի մանգանի և քարածխի հանքավայրերը, Հյուսիսային Կովկասի հանքային ջրերը, ինչպես և Իրանի երկրաբանական կառուցվածքը։ Զբաղվել է պետրոգրաֆիայի հարցերով։ Կովկասի երկրաբանության վերաբերյալ Աբիխը գրել է հիսունից ավելի աշխատություն, առաջին անգամ գիտականորեն բացահայտել նրա բնության ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկությունները և լեռնագրական բնույթը։ Աբիխը համարվում է «Կովկասի երկրաբանության հայրը»։ Մահացել է հուլիսի 1-ին, Գրացում։
Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.