Սև ծովի կովկասյան ափերին, մասնավորապես Աբխազիայում հայերը հաստատվել են վաղ միջնադարից: Հետագա դարերում էլ պատմական հանգամանքների բերումով հայերի հոսքը Աբխազիա շարունակվել Է: Աբխազիայի հայերի հիմնական զանգվածը համշենցիներ են, որոնք 1879-ից ընտանիքներով, հաճախ կահ-կարասիով և նույնիսկ անասուններով գաղթել են Սև ծովի հարավ-արևելյան ափերից՝ Տրապիզոնի, Օրդուի և Սամսոնի շրջաններից: Հայերի գաղթը Արևմտյան Հայաստանից Աբխազիա հատկապես ուժեղացավ 1895-1896-ին և 1915-ի հայկական կոտորածների ժամանակ: Դեռևս XIX դ. վերջերին Աբխազիայում հիմնադրվել են հայկական կենտրոններ և գյուղեր՝ Լաբրա, Արագիչ, Աթարա (հայկական), Դրանդի, Գուլրիպշ, Բոգապոստա, Մերխեուլի, Ծեբելդա, Գումիստա, Յաշարա, Պսիրցխա, Լեչկոպ, Անուխվա, Մծարա, Կոլդախվար, Ալախաձե, Պիլենկովո, Խաշուպսե և այլն: Հայեր են բնակվում նաև Աբժակվա, Ագուձերա, Ախալշենի և այլ գյուղերում: Աբխազիայում բնակվում է շուրջ 100 հզ. հայ (1969), որոնք ծովափնյա դաշտային մասերում զբաղվում են զյուղատնտեսությամբ, մշակում մերձարևադարձային պտուղներ և ծխախոտ, որ բերել և տարածել են Սև ծովի կովկասյան ափերին: Հայերի մի մասն ապրում է քաղաքներում՝ Սուխումում, Օչամչիրայում, Գուդաութայում, Գագրայում, զբաղվում գլխավորապես արհեստներով:

Աբխազիա գաղթած համշենցի հայերը կառուցեցին եկեղեցիներ, բացեցին դպրոցներ: Դպրոցները պահվում էին հայ համայնքների ու գյուղերի նյութական միջոցներով: Երբ XIX դ. վերջին Աբխազիայում հայերը շատացան, Հայաստանից, ինչպես նաև հայաբնակ այլ վայրերից կամովին Աբխազիա եկան հայ ուսուցիչներ (Աննա և Գրիգոր Հովսեփյաններ և ուրիշներ), որոնք մեծ գործ կատարեցին տեղի հայ դպրոցը բարելավելու համար: Ուսուցիչ Մուրադ Մուրադյանը մանկավարժական աշխատանքին զուգընթաց ուսումնասիրեց համշենցիների կյանքն ու կենցաղը և գրեց մի շարք հոդվածներ: Աբխազիայի հայ դպրոցական խորհուրդը (1911) ուսուցիչ Խաչատուր Ավդալբեգյանի ղեկավարությամբ կենտրոնացրեց և գլխավորեց դպրոցական գործը, Սուխումում բացեց գրախանութ, ստեղծեց հայկական տպարան, հրապարակեց հայերեն թերթեր: 1912-13-ին հրատարակվում էր «Լույս» գրական շաբաթաթերթը:

Աբխազիայում սովետական իշխանության հաստատման համար մղված պայքարում աչքի են ընկել շատ հայեր (Գ. Աթարբեկյան, Ա. Շահգելդյան, Վ. Երեմյան, Հ. Ջեյթունյան, Վ. Նիկողոսյան, Մ. Պետրոսյան և ուրիշներ): Կարմիր բանակի զորամասերին էական օգնություն ցույց տվեց Անուխվա, Ցեբելդա, Մցարա հայկական գյուղերի բնակչությունը: Այդ տարիներին հրատարակվել են մենշևիկյան «Նոր կյանք» (1918), «Փարոս» (1919) թերթերը: 1920-ին լույս է տեսել բոլշևիկյան «Կարմիր Աստղ» լրագիրը:

Աբխազիայի հայերի վիճակն արմատապես փոխվեց սովետական կարգերի շնորհիվ: Մեծացավ նրանց դերը Աբխազիայի տնտեսության մեջ: 1934-ին Գագրայի շրջանի Ալախաձե գյուղի ծխախոտագործ Գ. Հ. Բոստանջյանը մշակեց ծխախոտ հավաքելու նոր եղանակ, որի շնորհիվ 4-7 անգամ բարձրանում էր աշխատանքի արտադրողականությունը: Նոր եղանակը, որը ստացավ «Բոստանջյանի մեթոդ» անունը, արագորեն տարածվեց Սովետական Միության ծխախոտագործների շրջանում: 1935-ի դեկտեմբերին Կրասնոդարում տեղի ունեցավ ստախանովական – բոստանջյանականների համամիութենական առաջին հավաքը: Սուխումում ստեղծվեց հայկական թատրոն (տես Սախումի հայկական թատրոն), որը հետագայում դերասաններ Շահեն և Էլզա Շահինյանների ջանքերով վերածվեց հայկական պետական թատրոնի (1928-30): Սուխամի հայկական ծխական դպրոցը դարձավ յոթնամյա, ապա՝ միջնակարգ: Սուխումում գործում էր հայկական մանկավարժական ուսումնարան: 1969-ին Աբխազիայում կար 105 հայկական դպրոց, որից 20-ը՝ միջնակարգ, 38-ը՝ ութամյա (13.500 աշակերտ): Ուսուցիչների մեծամասնությունը տեղացիներ են: ճնշող մասը բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի բուհերում: 1954-ին հիմնադրվեց Աբխազիայի հայ գրողների միավորումը, ստեղծվեց հայկական տպարան, կազմակերպվեցին Աբխազիայի հայկական ժողովրդական թատրոնը և հայկական երգի-պարի անսամբլը:

1970-ին Աբխազիայում աշխատում էին սոցիալիստական աշխատանքի 27 հայ հերոսներ: Գագրայի շրջանի «Իլյիչ» կոլտնտեսության կոլտնտեսուհի Օ. Ա. Հալաջյանը ՍՍՀՄ Գերագույն սովետի, Գուլրիպշի շրջանի «Ռուսթավելի» կոլտնտեսությունից Ա. Գ. Մարկոսյանը Վրացական ՍՍՀ Գերագույն սովետի, իսկ 6 հոգի Աբխազական ԻՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատներ են:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.