ԱԲՈՎՅԱՆ Գևորգ Կարապետի (1837-անհետացել է 1866), հայ մանկավարժ, հասարակական գործիչ: Ծնվել է Լոռու Օձուն գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է Սանահինի դպրեվանքում: Այնուհետև ուսանել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1847): 1849-ին Ներսես Աշտարակեցու օժանդակությամբ ուղարկվել Է Մոսկվա՝ Լազարյան ճեմարան, որն ավարտել Է 1854-ին: Մոսկվայում ուսանելու տարիներին մտերմացել է առաջավոր մտավորականների հետ, տարվել հեղափոխական գաղափարներով: 1854-66-ին Թիֆլիսում զբաղվել է մանկավարժությամբ, կիրառել նոր ծրագրեր և մանկավարժական մեթոդներ: Նրա «Համառոտություն հայոց ազգի պատմության» աշխարհաբար դասագիրքն ունեցել է չորս հրատարակություն (1869, 1877, 1884, 1893): Գ. Սունդուկյանի և Պ. Պռոշյանի հետ Աբովյանը ակտիվորեն մասնակցել է հայ թատերական և երաժշտական կյանքին, գրել է երգեր, «Շուշանիկ» պատմական ողբերգության (բեմադրություն Թիֆլիսում, 1859) երաժշտությունը, ստեղծել և ղեկավարել է երգչախումբ: Աբովյանը 1866-ի նոյեմբերի 13-ին անհետացել է: Ենթաղրվում է, որ նարոդնիկների հետ ունեցած կապերի համար ցարական ոստիկանությունը նրան գաղտնի աքսորել է Օխոտսկ, որտեղ և մահացել է:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.