ԱԲՈՎՅԱՆ Սարգիս Եսայու (1869-1942), հայ գյուղատնտես, կաթի մշակման տեխնոլոգիայի և կաթնամթերքների արտադրության մասնագետ: ՍՄԿԿ անդամ 1921-ից: Ծնվել է հունվարի 2-ին, Ջալալօղլիում (այժմ` Ստեփանավան): Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, բարձրագույնը` Լայպցիգի համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետում (մեկ տարի սովորել է նաև Հալեյի համալսարանում): Կաթի մշակման տեխնոլոգիայի գծով մասնակցել է Շվեյցարիայի, Հոլանդիայի և Ֆրանսիայի համապատասխան ձեռնարկություններում: 1898-ին Լոռիում և Ախալքալաքում ստեղծել է կաթնատնտեսական ֆերմաներ, Անդրկովկասում հիմնադրել է եվրոպական տեսակի պանիրների արտադրություն: 1906-21-ին Թիֆլիսում պաշտոնավարել է որպես ուսուցիչ, Գայանյան օրիորդաց դպրոցի տեսուչ: 1921-23-ին աշխատել է Երևանում որպես Հայաստանի հողժողկոմի տեղակալ: 1923-30-ին եղել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի դասախոս, ամբիոնի վարիչ, դեկան: Համալսարանի վերակառուցումից հետո Աբովյանը դառնում է նորաստեղծ գյուղատնտեսական ինստիտուտի առաջին դիրեկտորը (1930-37): Աբովյանի գիտական աշխատությունները նվիրված են կաթի վերամշակման հարցերին: Մահացել է հունիսի 21-ին:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.