ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ, հիմնադրվել է Երևանում, 1832-ի հունվարի 14-ին, որպես գավառական դպրոց (3 դասարան), 1868-ին դարձել է պրոգիմնազիա (4 դասարան), 1881-ին` գիմնազիա (8 դասարան և 2 նախապատրաստական): 1843-48-ին դպրոցում որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խ. Աբովյանը: Նրա տեսչության երկրորդ տարում աշակերտների թիվը 90-ից հասնում է 190-ի: Մեծամասնությունը հայեր էին, կային նաև ռուսներ, ադրբեջանցիներ և այլ ազգության երեխաներ:

Դասավանդամը ռուսերեն էր: Գլխավոր առարկաներն էին՝ թվաբանություն, ռուսաց լեզու, կրոն, հայերի համար՝ հայոց լեզու, ադրբեջանցիների համար՝ ադրբեջաներեն: Պրոգիմնազիայամ ավելանում են լատիներեն, ֆրանսերեն, պատմություն, աշխարհագրություն, վայելչագրություն, գիմնազիայում՝ հունարեն, ֆիզիկա ևս: Գիմնազիան (արական դասական գիմնազիա) լրիվ միջնակարգ հանրակրթական դպրոց էր: Ուներ գիշերօթիկ, գրադարան, արհեստանոց: 1920-ի դեկտեմբերին գիմնազիայի հիման վրա ստեղծվում է երկրորդ աստիճանի N 2 դպրոցը, որը 1925-ից կրում է Աբովյանի անունը: 1973-ին Աբովյանի անվան դպրոցը ուներ 24 դասարան՝ 711 աշակերտով, 46 ուսուցիչ-ուսուցչուհիներով: Տարբեր ժամանակներում դպրոցում դասավանդել են Հ. Հովհաննիսյանը, Վրթ. Փափազյանը, Ա. Տերտերյանը, Գ. Ղափանցյանը, Կ. Մելիք-Օհանջանյանը, Վ. Թոթովենցը, Ս. Հակոբյանը, Ա. Շավարշյանը, Ս. Մելիքյանը, Ս. Դեմուրյանը, Ս. Առաքելյանը և ուրիշներ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.