ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ (ծն. թ. անհայտ – մոտ 615), Հայոց կաթողիկոս 607-ից։ Ծնվել է VI դ. կեսերին, Ռշտունիք գավաոի Աղբաթանք գյուղում։ Եղել է նույն գավառի եպիսկոպոսը և Դվինի ժողովում ընտրվել կաթողիկոս՝ հաջորդելով Մովսես Բ Եղվարդեցուն։ Աբրահամի օրոք հայ և հույն եկեղեցիների պայքարը սուր բնույթ էր ստացել։ Միաժամանակ Բյուզանդիան և Պարսկաստանը պատերազմում էին իրար դեմ՝ առիթ ծառայեցնելով քրիստոնյա ժողովուրդների կրոնական դավանանքի հարցը։ Պարսից Խոսրով թագավորը պաշտպանում էր հայ եկեղեցու հակաքաղկեդոնական (հակահունադավան) դիրքը. Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի միշոցով հեռացնելով Հայաստանի հունաց մասի Աբրահամի հակաթոռ (նստում էր Ավան գյուղում) Հովհաննես կաթողիկոսին՝ նա թույլատրել է Դվինում կառուցել նոր եկեղեցի։ Պայքարը բյուզանդական և պարսկական կողմնորոշում ունեցող քրիստոնյաների միջև շարունակվել է քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ։ Վրաստանում հաղթանակել է քաղկեդոնական հոսանքը։ Պարսկական կողմնորոշման ջերմ պաշտպան Աբրահամը ջանացել է համոզել վրացական կաթողիկոս Կյուրոնին՝ հույների հետ դավանաբանական միություն չհաստատել։ Կյուրոնը չի համաձայնվել, և 608-ին վրացական եկեղեցին վերջնականապես ընդունել է քաղկեդոնականությունը։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.