ԱԲՐԱՀԱՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ (Զենակացի) (ծն. և մահ. թթ. անհայտ), V դարի հայ մատենագիր։ Ծնվել է Տայքի Զենակս գյուղում։ Ղազար Փարպեցին պատմում է, որ Աբրահամ Խոստովանողը ինքնակամ միացել է Վարդանանց պատերազմից հետո պարսից Հազկերտ արքայի հրամանով Պարսկաստան տարվող հայ նախարարներին ու հոգևորականներին, և 454-ին նրանց հետ աքսորվել Ասորիք։ 462-ին վերադարձել է Հայաստան, ուր Գյուտ կաթողիկոսը նրան ձեոնադրել է Բզնունիք գավառի եպիսկոպոս։ Աբրահամ Խոստովանողը ասորերենից հայերեն է թարգմանել Մարութա Նփրկերտցու «Վկայք Արևելից»-ը։ Թովմա Արծրունին հիշատակում է Աբրահամ Խոստովանողի՝ Վարդանանց պատերազմի մասին մեզ չհասած աշխատությունը։ Ըստ ավանդության, Աբրահամ Խոստովանողի գերեզմանը գտնվում է Հայոց ձորի (Վասպուրական) Աբրահամու անապատում (այստեղից էլ՝ անապատի անվանումը)։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.