ԱԲՐԱՀԱՄ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհայտ), XVI-XVII դարերի հայ ինքնուս կենդանաբան։ Ապրել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում։ 1611-ին գրել է «Պատմաթիւն անասնոց և գազանաց, չորքոտանեաց, սողնոց և թիւնաւորաց, թռչնոց և մարդկան, ծովային ձկանց և անասնոց և գազանաց և այլ ժժմակաց ծովու և ցամաքի» մեզ հասած հայերեն ամենահին կենդանաբանական աշխատությունը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեո. № 1418)։ Օգտվելով վեց լեզուներով աղբյուրներից և սեփական դիտողությունների ու լսածի հիման վրա Աբրահամ Կոստանդնուպոլսեցին տվել է 180 կենդանիների՝ չորքոտանիների (դրանց մի մասի մորթու կամ մուշտակի), թռչունների, ձկների, խեցեմորթների, միջատների, առասպելական կենդանիների ու մարդկանց («սովորաբար Հրեշք կոչվածքն») նկարագրությունը՝ հաճախ ուղեկցելով առասպելաբանություններով և բարոյախոսական գրքերից քաղած նյութերով։ Աբրահամ Կոստանդնուպոլսեցին կրկնել է XVI դ. նշանավոր կենդանաբանների (Գեսներ, Ռոնգելեն, Բելոն, Ալգրովանդի) գործածած դասակարգումը։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.