ԱԲՐԱՀԱՄ ԿՐԵՏԱՑԻ (ծն. թ. անհայտ-18.4.1737), Հայոց կաթողիկոս 1734-ից։ Ծնվել է Կրետե կղզու Կանդիա քաղաքում։ Մոտ 25 տարի եղել է Թրակիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի։ Աբրահամ Կրետացու օրոք Անդրկովկասի քաղաքական դրությունն անկայուն էր։ Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի խանը, (ապագա Նադիր Շահը) պատերազմելով Թուրքիայի դեմ, վերանվաճեց Իրանի կորցրած հողերը։ Աբրահամ Կրետացին, շահելով նրա վստահությունը, Էջմիածինը փրկեց կողոպուտից՝ ճանաչել տալով Էջմիածնի կաթողիկոսական աթոոի կալվածատիրական իրավունքները։ Աբրահամ Կրետացու միջնորդությամբ խանը թույլատրեց Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ։ Աբրահամ Կրետացու «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին պարսից» աշխատությունն ընդգրկում է մոտ երկու և կես տարվա ժամանակամիջոց (1734-36)։ Աբրահամ Կրետացին նկարագրում է Թահմազ Ղուլի խանի պատերազմները Անդրկովկասում և Մուղանի դաշտում 1736-ի մարտի 10-ին Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողությունը։ Աբրահամ Կրետացու «Պատմագրությունը» տպագրվել է 1796-ին, Կալկաթայում և 1870-ին՝ Վաղարշապատում։ Այն ֆրանսերեն է թարգմանել Բրոսեն և հրատարակել «Collection d’historiens arméniens՚ ժողովածուում (հատոր 2, 1876)։ ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ձեռագրերի ինստիտուտը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, 1973-ին հրատարակում է Աբրահամ Կրետացու «Պատմագրության» տեքստը ռուսերեն թարգմանությամբ հանդերձ։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.