ԲԱԲԱԵՎ Անդրեյ Հովհաննեսի (27.12.1923, գ. Մսմնա, Մարտունու շրջան, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ – 21.10.1964, Մոսկվա), հայ սովետական կոմպոզիտոր: ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1958)։ 1936-ից թառահար է եղել Ադրբեջանական ռադիոյի ժողովրդական գործիքների նվագախմբում։ 1940-ին ընդունվել է Բաքվի կոնսերվատորիայի Ու. Հաջիբեկովի ստեղծագործական դասարանը։ 1941-1945-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Վերադառնալով ուսումը շարունակել է Կ. Կարաևի դասարանում։ Կատարելագործվել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (ղեկավար Ցու. Շապորին)։ Գրել է «Երիտասարդություն» սիմֆոնիկ նախերգանքը (1948), դաշնամուրային տրիո (1948), դաշնամուրի կոնցերտ ժողովրդական գործիքների նվագախմբի նվագակցությամբ (1949, համահեղինակ Ֆ. Ամիրով), Լա մինոր սիմֆոնիան՝ նվիրված նավթագործներին (1950), երկու սյուիտ ադրբեջանական ժողովրդական գործիքների նվագախմբի համար, երգեր («Սիրելի աչքեր», «Ես հանդիպեցի մի աղջկա», «Կարոտում եմ քեզ» և այլն), երաժշտություն դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար, կատարել ժողովրդական երգերի մշակումներ։ Բաբաևի առավել նշանավոր ստեղծագործությունը «Արծվաբերդ» օպերան է (լիբրետո Գ. Բորյանի և Զ. Վարդանյանի, բեմադրւթյուն 1957, Սպենդիարյանի անվա օպերայի և բալետի թատրոն, Երևան), որը ժամանակակից թեմայով գրված հայկական լավագույն օպերաներից է։ Երաժշտական լեզվի ժողովրդայնությունը, հերոսների բնավորությունների ճշմարտացի մարմնավորումը, մելոդիկ հարստությունը և օպերային դրամատուրգիայի կանոնների լավ իմացությունը արժանի հաջողություն բերեցին «Արծվաբերդ»-ին։ Այն ներկայացվել է Սվերդլովսկում (1964), Դոնեցկում (1965), Մոսկվայում՝ կենտրոնական հեռուստատեսությամբ (1966), Կազանում (1973)։ Բաբաևի երկրորդ օպերան («Պաղտասար աղբար») մնաց անավարտ։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.