ԲԱԲԱՅԱՆ Արաքսի Թովմասի (ծն. 5.5.1906, Երևան), հայ սովետական քիմիկոս։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1968, թղթակից անդամ՝ 1956-ից)։ ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական (1929) և պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական (1937) ֆակուլտետները։ Աշխատել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում, եղել օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ (1942-56)։ Աշխատել է ՀՍՍՀ ԳԱ քիմիայի ԳՀԻ-ում որպես ամինոմիացությանների լաբորատորիայի վա­րիչ։ Զբաղվել է ամինների և չորրորդային ամոնիումային միացությունների հետազոտությամբ։ Սկզբնական շրջանի աշխատանքների արդյունքը եղավ Հոֆմանի ռեակցիայի գործնական կիրառության հնարավորության հայտնաբերումը։ Բաբայանը պարզաբանել է բազմահալոգենալկիլ խումբ պարունակոդ չորրորդային ամոնիումային աղերի ջրահիմնային ճեղքման ռեակցիայի մեխանիզմը, տվել β, γ և α, β չհագեցած խմբեր պարունակող համապատասխան աղերի վերախմբավորման-ճեղքման ռեակցիաները, որոնք կարող են օգտագործվել կետոնների, կարբոնաթթուների էսթերների և էնամինների սինթեզի համար։ Եղել է ՀՍՍՀ II-IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.