ԲԱԲԱՅԱՆ Մարգարիտ Ավետիքի (24.12.1874, Գոթա (Գերմանիա) – 18.10.1968, Փարիզ), հայ դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ։ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում դաշնամուրի դասեր է առել Մ. Իպպոլիտով-Իվանովից, Կ. Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ. Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896), աշխատակցել մամույին։ Ձայնը մշակել է Փարիզում՝ Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ։ 1901-ից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում։ 1904-ից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում։ Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, XIX դ. եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից  կոմպոզիտորների գործերը։ Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում։ Կոմիտասի և Ա. Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով։ 1911-ին Փարիզում բացել է մեներգեցողության վարժարան (1951-ին արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին)։ Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին։ 1895-ին ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906-ին և 1914-ին Փարիզում մասնակցել նրա համերգներին։ Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար  հանձնաժողովին։ Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար(տես «Ժամանակակիցները Կոմիտասի մասին» 1960)։

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.