Սուրբ ծնունդը Քրիստոսի ծննդյան տոնն է և նշվում է աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդների կողմից: Հայերի կողմից նույն օրը նշվող Մկրտության տոնը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Քրիստոնեության վաղ շրջանում այս տոնը նշում էին հունվարի 6-ին` Քրիստոսի մկրտության տոնի հետ միասին: 4-րդ դարում Հռոմի եկեղեցին որոշում ընդունեց ծննդյան տոնը նշել դեկտեմբերի 25-ին, Մկրտությունը` հունվարի 6-ին, որից հետո բոլոր քրիստոնյա ժողովուրդները, բացի հայերից, Ծնունդն ու Մկրտությունը նշում են առանձին օրերի:
Հայ ժողովրդի կենցաղում Ծննդյան տոնի հանդիսությունները պտտվում էին նախ և առաջ եկեղեցական ծիսակարգի շուրջ, որոնց միահյուսվել էին նաև մի շարք ժողովրդական սովորույթներ: Ծննդյան ու Մկրտության տոնը ժողովրդին հայտնի է գլխավորապես որպես «Ջրօրհնեք», գործածական է նաև տոնի «փոքր Զատիկ» անվանումը: Ծննդյան տոնին նախորդող շաբաթը պաս էր: Այդ նույն շաբաթ խստորեն արգելված էր գիշերն աշխատել, «այլապես Քրիստոսը կբարկանար»:

Հաստատված ավանդույթի համաձայն, հունվարի 1-ից մինչև հունվարի 6-ը օջախներում կրակն անմար էր մնում, ինչն այդ երկու տոներին հաղորդում էր որոշակի անընդհատություն:
Հունվարի 5-ին եկեղեցում տեղի էր ունենում Ծննդյան ժամերգությունը, որին ներկա էին միայն տղամարդիկ: Միայն ժամերգությունից հետո էր, որ կարելի էր պասը բացել: Այն ընտանիքներում, որտեղ տղամարդ չկար, կանայք, դուռը բաց, սպասում էին ժամերգությունից վերադարձողներին, որևէ տղամարդուց ծննդյան ավետիս լսում ու պասը բացելու թույլտվություն խնդրում:
Հունվարի 5-ի երեկոն բոլոր հայ ընտանիքներում թաթախման երեկո էր, երբ, ժամերգությունից վերադառնալով, պասը բացում էին Ծննդյան տոնին ընդունված ճաշատեսակներով: Առհասարակ Ծննդյան տոնի բուն ժողովրդական հանդիսակարգը կենտրոնանում էր թաթախման երեկոյի ընթրիքի շուրջ: Ժամերգությունից տուն դարձողներն իրենց հետ տանում էին այնքան մոմ, որքան ընտանիքի անդամներն էին: Ընթրիքից առաջ տանը խունկ էին վառում: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի ափսեի դիմաց վառում էին վերջինիս համար նախատեսված մոմը և մոմերի լույսի ներքո հավաքվում սեղանի շուրջ: Այդ երեկո սեղանի գլխավոր զարդը ձկնեղենի զանազան տեսակներից պատրաստված կերակրատեսակներն էին, որոնց ուղեկցում էին առատ յուղով օծված բրնձի, ձավարի, արիշտայի փլավները, ալյուրից պատրաստված և դոշաբով կամ մեղրով քաղցրեցված խաշիլը և այլն: Բավական տարածված էր սիսեռով ու չորացրած բանջարեղենով ապուրը, որը հայտնի էր մայրաճաշ, մայրամա բանջար կամ Մարիամի ծամեր անունով: Մշեցիները համոզված էին, որ այդ բանջարը ժամանակին աստվածամայրն է քաղել և հավատում էին դրա բուժիչ զորությանը:
Ընտանիքը նոր էր բոլորած լինում ընթրիքի սեղանի շուրջ, երբ դուռը ծեծում էին: Տանտիկինը հասկանում էր, որ դողէրոցք ունեցող մեկն է, որը հիվանդությունը բուժելու նպատակով ուխտ է արել Ծննդյան ընթրիքին յոթ դռնից փայ հավաքել: Դժբախտին անկասկած գոհացնում էին: Ավելի ուշ սկսվում էին Քրիստոսի ծնունդն ավետող խմբերի այցելությունները: Սպիտակ շապիկներ հագած պատանիները շրջում էին տնետուն, երգերով ավետում Քրիստոսի ծնունդը` փոխարենը ստանալով յուղ, ձու, ընկույզ, այլ մթերքներ կամ մանր դրամ: «Ավետիս» երգերը շատ բազմազան էին, երգվում էին տեղական բարբառով, որոնցում դրսևորված էին Քրիստոսի ծննդյան և կյանքի վերաբերյալ ժողովրդական պատկերացումները, Գովերգում էին Փրկչի առաքինությունները, հրաշագործությունները և այլն:
Ծննդյան խորհրդավոր երեկոյի ու գիշերվա հետ կապված էին զանազան պատկերացումներ: Այդ գիշեր հոսող ջրերին վերագրվում էր հատուկ զորություն: Վստահ էին, որ ծննդյան գիշերը հոսող ջրերը մի պահ կանգ են առնում, և եթե այդ պահին որևէ մեկը ինչ-որ իր ընկղմեր ջրի մեջ, այն անպայման ոսկի կդառնար: Գանձակում ամուլ կանայք երեք անգամ մտնում էին ջուրը և դուրս գալիս այն հաստատ հավատով, որ Ծննդյան գիշերվա ջուրն իրենց զավակ կպարգևեր:
Հունվարի 6-ին, պատարագից հետո, կատարվում էր Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող արարողությունը: Հավաքված հասարակության աչքի առաջ քահանան խաչը ջուրն էր գցում և մեռոն կաթեցնում ջրի մեջ: Ներկաներն անմիջապես օրհնված ջրի մեջ թաթախում էին իրենց ձեռքերը, քսում մարմնի հիվանդ մասերին` համոզմունքով, որ օրհնված ջուրը կբժշկի իրենց: Այդ ջրից սափորներով տանում էին տուն, կաթեցնում յուղ ու պանրի կարասները, ամբարների մեջ և այլն` դրանց առատությունն ապահովելու հույսով: Այդ ջրից պահում էին մինչև հաջորդ տարի և անհրաժեշտության դեպքում գործածում` խմեցնում հիվանդներին, խառնում Տյառնընդառաջի մոխրին` օգտագործելով կարկտի դեմ և այլն:
Խաչը ջուրը գցելու պահը ուղեկցվում էր հրացանների կրակոցներով, աղավնիներ թռցնելով, իսկ որոշ վայրերում այն վեր էր ածվում իսկական ժողովրդական տոնախմբության, ընդհուպ մինչև ձիարշավներ և այլ մրցախաղեր կազմակերպելը:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.