[slideshow id=1]

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Համազասպ Խաչատուրի (ծն. 18.2.1906, գ. Չարդախլու (այժմ՝ Ադրբեջանի Հանրապետություն), զրահատանկային գորքերի գլխավոր մարշալ (1975-ից), Սովետական Միության հերոս (26.4.1944): ՍՄԿԿ անդամ 1928-ից: Սովորել է ծննդավայրի դպրոցում: 1925-ին ընդունվել է Երևանի Ա. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը (այն հետագայում տեղափոխվել է Թիֆլիս և կոչվել Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոց), որն ավարտել է 1929-ին: Եղել է դասակի, գումարտակի հրամանատար, ապա՝ կորպուսի օպերատիվ բաժնի պետի օգնական (Անդրկովկասի ռազմական օկրուգում): 1938-ին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ Լենինգրադում: Մասնակցել է սովետա-ֆիննական պատերազմին (1939-40), ապա ծառայել Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգում` որպես գնդի հրամանատար: 1941-42-ին մասնակցել է Արևմտյան (Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա), ապա Բրյանսկի և Հարավային ռազմաճակատների գործողություններին: 1942-ի սեպտեմբերից եղել է 3-րդ մեքենայացված կորպուսի 3-րդ մեքենայացված բրիգադի հրամանատար (մինչև 1944-ի օգոստոսը) և մասնակցել Հյուսիս-արևմտյան ռազմաճակատի գործողություններին: Դնեստրի գետանցման ժամանակ բրիգադը հմուտ ղեկավարելու համար Բաբաջանյանին շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում: 1944-45-ին, որպես գվարդիական տանկային կորպուսի հրամանատար, մասնակցել է Առաջին  բելոռուսական ռազմաճակատի գործողություններին (Վիսլա-Օդեր, Պոմերանիա, Բեռլին): Պատերազմից հետո Բաբաջանյանն ավարտել է գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (1948) և վարել հրամանատարական պատասխանատու պաշտոններ: 1959–67-ին՝ Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1967-1969-ին` Ռ. Յա. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, 1969-ի մայիսից՝ ՍՍՀՄ տանկային զորքերի պետ: ՍՍՀՄ VI–VII գումարումների և ՀՍՍՀ  IV գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի 3, Կարմիր դրոշի 4, Սուվորովի 1-ին և 2-րդ, Կուտուզովի 1-ին, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի 2-րդ, լեհական 2 շքանշաններով և մեդալներով:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.