[slideshow id=4]

ԲԱԲԵՐԴ, Բայբերդ, Բայբուրթ, քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Սպեր գավառում, Ճորոխի ձախ ափին, Կարինից 121 կմ հյուսիս-արևմուտք:  Երեք կողմից շրջապատված է ցածրադիր լեռներով, իսկ հարավային մասի հարթավայրով կապվում է Կարինի հետ: Ունի գեղեցիկ համայնապատկեր: Ճորոխ գետը քաղաքը բաժանում է երկու մասի, որոնք իրար հետ կապված են 5 քարաշեն կամուրջներով: Դեռևս մ. թ. ա. III դարում եղել է նշանավոր բերդաքաղաք (ամրոցի ավերակները պահպանվել են մինչև այժմ): Առաջին անգամ Բաբերդը հիշատակում է Մովսես Խորենացին: Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների օրոք պատկանել է Բագրատունիներին: Հայաստանի 387-ի բաժանման ժամանակ Բաբերդն անցել է Բյուզանդիային: VI դ. Հուստինիանոս I կայսրը ամրացրել է քաղաքը, կառուցել նոր բերդ: 1071-ին սելջուկները գրավել են Բաբերդը, կոտորել բնակիչներին: XIII – XIV դդ Բաբերդը գտնվել է Ռումի սուլթանության,  XIV-XV դդ Ջելայիրյան և Ակ-Կոյունլու ցեղերի տիրապետության տակ: 1271-ին Չինաստան ուղևորվելիս Բաբերդով անցել է Մարկո Պոլոն (նա հիշատակում է քաղաքի հյուսիս-արևմտյան կողմի արծաթահանքերը): 1474-ին Բաբերդով անցել է իտալացի մեկ այլ ճանապարհորդ` Հ. Բարբարոն, որը, գովասանքով խոսելով քաղաքի մասին, նշել է, որ բնակչության թիվը կազմել է 1500 ընտանիք: 1514-ից Բաբերդին տիրել են թուրքերը: 1829-ին ռուսական զորքերը գրավել են այն, սակայն Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով վերադարձվել է թուրքերին: Ռուսներին օգնություն ցույց տված մոտ 1000 հայ ընտանիք, թուրքերի վրեժխնդրությունից խուսափելով 1829-30-ին գաղթել և բնակություն է հաստատել Հայկական մարզում ու Ախալցխայի գավառում: 1916-ի հուլիսի 3-ին ոուսական զորքերը նորից են գրավել Բաբերդը, բայց 1918-ին այն վերագրավել են թուրքերը: 1915-ին Բաբերդն ուներ 30 հազար բնակչություն այդ թվում՝ 10 հազար հայ: Քաղաքում գործում էին 481 խանութ ու կրպակ, 40 իջևանատուն, 177 ջրաղաց, 3 ձիթհան, 19 փուռ, 1 կաշեգործարան, օճաոի, ներկի, մոմի գործարաններ: Հայերն գբաղվում էին առևտրով և արհեստներով (ոսկերչություն, պդնձագործություն, ժամագործություն, կոշկակարություն, ատաղձագործություն և այլն): Իր նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ Բաբերդը երկար ժամանակ եղել է Տրապիզոնից Կարին, ապա Պարսկաստան տանող առևտրական ճանապարհի կարևոր կայաններից մեկը: Բաբերդը առևտրական գործուն կապերի մեջ էր Ջենովայի և Վենետիկի հետ: Եղել է եպիսկոպոսանիստ, ուներ չորս Եկեղեցի (Ս. Աստվածածին, Հրեշտակապետաց, Ս. Հովհաննես և Աստվածամայր):  Բաբերդում ընդօրինակվել են հայերեն ձեռագրեր: Մինչև 1915-ը Բաբերդի գավառում կար 30 հայաբնակ գյուղ: Բաբերդի և գավառի հայ բնակչությունը 1895-ի համիդյան ջարդերի ժամանակ բավականին զոհեր է տվել, իսկ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ լրիվ տեղահանվել: Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ: Այժմ թուրքաբնակ է: Պատմական հուշարձաններից նշանավոր է Բաբերդի հինավուրց բերդը, որը կաոուցվել է քաղաքի հյուսիսային մասում` երեք կողմից շրջապատված դժվարամատչելի լեռներով:

Բերդն ունեցել է կրկնակի պարիսպներ, որոնց մեծ մասը, նաև բերդի ներսի շենքերը և եկեղեցին (հունական արձանագրություններով) կործանվել է 1829-ին, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Կիսավեր վիճակում պահպանվել է դեպի Ճորոխն իջնող սանդղաձև քարափոր երկու ճանապարհ, որոնք ծառայել են պաշարման ժամանակ ջուր բերելու համար:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.