ԲԱԳԱՎԱՆ, Դիցավան (բագ՝ աստված կամ դիք՝ աստվածներ և ավան բառերից), բնակավայր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի հարավ–արևելյան մասում, Նպատ լեռան հյուսիս-արևմտյան ստորոտին, Արածանի գետի ձախ ափին, այժմյան Ուչ-Քիլիսե գյուղի տեղում: Բագավանի մասին հնագույն տեղեկությունը վերաբերում է մ. թ. ա. I դ.: Մեր թվարկության 59-ին հռոմեական զորավար Կորբուլոնը գրավում է Բագավանը: Նախաքրիստոնեական շրջանում այն Հայաստանի աչքի ընկնող հոգևոր կենտրոններից էր: Ավանդության համաձայն Բագավանում թաղել են Մաժան քրմապետին (Արտաշես Ա-ի որդուն), որը սպանվել էր Արտավագդ և Տիրան եղբայրների ձեռքով: Մյուս եղբայրը՝ Տիգրան Ա Մաժանի գերեզմանի վրա կառուցեց բագին, որտեղ հյուրընկալվում էին անցորդները: Նավասարդյան օրերին Բագավանում էր գումարվում համաժողովրդական, իսկ հետագայում՝ վերնախավի խորհրդակցական մարմինը՝ Աշխարհաժողովը: Արածանի գետում, Բագավանի մոտերքը, Գրիգոր Լուսավորիչը մկրտեց Տրդատ Գ թագավորին մեծ թվով նախարարների՝ իրենց զորքերի հետ միասին, որից հետո քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն (301): Ավերելով բագինները` Գրիգոր Լասավորիչը նրանց տեղում կառուցել տվեց եկեղեցիներ: Բագավանը դարձավ Բագրևանդ և Արշարունիք գավառների Եպիսկոպոսանիստ կենտրոն (որպես այդպիսին հիշատակվում է նաև հետագա դարերում): Ըստ ավանդության, Բագավանի նշանավոր եպիսկոպոսներից էին Եղնիկ Կողբացին և պատմահայր Մովսես Խորենացին: Բագավանում իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց Սահակ Պարթևը (432-ից): Բագավանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (371) հայ-հռոմեական միացյալ ուժերը Մուշեղ Մամիկոնյանի գլխավորաթյամբ հաղթեցին պարսից Շապուհ արքայի գորքերին: 778-ին արաբական Եզիտ ոստիկանի Սփի անունով գործակալը ավերեց Բագավանի եկեղեցիները և կողոպտեց հարստությունը: Բագավանի ս. Հովհաննես տաճարը, այժմ՝ ավերված, ըստ արձանագրության, հիմնադրվել է 631-ին, հավանաբար Եզր կաթողիկոսի կողմից և ավարտվել 639-ին, ճարտարապետն է եղել Իսրայել Գոռաղճեցին: Հորինվածքով «գմբեթավոր բազիլիկ» տիպի, արևելյան մասում ուղղանկյուն ծավալից դուրս եկող երեք եռանիստ աբսիդներով լայնարձակ կառույց է: Իր չափերով (երկարությունը՝ ավելի քան 46 մ, լայնությունը՝ 27 մ, բարձրությունը՝ աոանց գմբեթի՝ 20 մ) գերազանցում է VII դարի 1-ին կեսի Հայաստանի առավել խոշոր կառույցները: Տաճարը շրջափակված է երեք շարք աստիճաններով: Կառույցը հիմնականում զուրկ է զարդարանքներից. բացառություն են կազմում հյուսիսային պատի միջին և հարավային մուտքերը, արևելյան լուսամուտների երեսակալները և տեղ-տեղ պահպանված, ձևով հնագույն, ատամնաշար քիվը: Պատերին կան տարբեր լեզուներով արձանագրություններ: Մեծ մասամբ ուղղանկյուն, կիսաբոլոր ավարտով 45 լուսամուտները առատորեն լուսավորում են տաճարի ներսը: Կենտրոնական մասում տեղադրված զանգվածեղ 4 մույթերը կամարներով կապվում են միմյանց և որմնամույթերին: Մույթերը որմնամույթերին կապող կամարներն առանձնացնում են ներքին հիմնական տարածությունից անկախ ծածկված անկյունային մասերը, որի շնորհիվ առանցքային տրամախաչված առավել բարձրադիր թաղածածկի խաչաձևությունը արտաքին ծավալներում ակնհայտ է դառնում: Թաղածածկի կենտրոնում եղել է առանց թմբուկի, արտաքինից ութնիստ և ութ լուսամուտներով գմբեթը, որն այժմ փլված է: Անկյունային մասերը և ավագ խորանին կից երկու սենյակները ծածկված են խաչվող թաղերով: Արտաքին 4 որմնահեցերի վրա կան փոքր մուտքեր: Այդտեդից քարե աստիճանները տանում են դեպի որմնամույթերը և մույթերը կապող կամարներից վեր, թաղերի հաստության մեջ գտնվոդ փոքրիկ սենյակները (երկուսը ելք ունեն դեպի տանիք), որոնք նման են գաղտնարանների և լուսավորվում են դեպի տաճարի ներսը բացվող անցքերից: Տաճարը բազմիցս ենթարկվել է մասնակի վերափոխումների (վերջին անգամ XVIII դ.): Տարբեր ժամանակներում են շարվել լուսամուտների մեծ մասը, հյուսիսային մուտքերից երկուսը, հարավային մուտքը, միաթեք տանիքները փոխարինվել են հարթակներով, որոնց սրբատաշ քարե եզրապատերին կան նեղ հրակնատներ: Բագավանում գտնվել են արամեատառ արձանագրություններ:

Կիսվիր այս նյութով ընկերներիդ հետ
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Comments are closed at this time.